Ձեզ եմ ներկայացնում նախագծերի փաթեթ, որով առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը։
«Այսինքն ոստիկանը, քննիչը, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի աշխատակիցը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաեւ այն դեպքում, եթե անձը հրաժարվում է հանձնել թմրանյութի թեստ։
Նախագծերի այս փաթեթը, կարծում եմ՝ ի ցույց կդնի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը, կամ կվերահաստատի այդ քաղաքականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և նշեց, որ օրինագծով իրավապահ, նախաքննական մարմիններում տարեկան երկու անգամ պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն բոլոր իրավապահ և ուժային մարմինների աշխատակիցները, բացառության պաշտպանության նախարարության։
Խամոյանը նկատեց, որ հնարավոր չէ պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, եթե սեփական օրինակով դա չեն բացառում այն կառույցներում աշխատող ծառայողները, որոնք օգտագործում են այդ թմրանյութերը:











