Գիտնականները նոր մարդանման ռոբոտ են ցուցադրել, որը կարող է առավելագույն արագություն զարգացնել՝ վայրկյանում 3,6 մետր, գրում է Live Science-ը։

Սա ռոբոտը դարձնում է իր տեսակի մեջ մինչև այժմ ստեղծված ամենաարագ մեքենան, թեև այդ արագությունները ձեռք են բերվել միայն լրացուցիչ կոշիկների օգնությամբ: STAR 1-ը երկոտանի ռոբոտ է, որը կառուցել է չինական Robot Era ընկերությունը, այն ունի 171 սանտիմետր բարձրություն և 65 կիլոգրամ քաշ։

Գովազդային հոլովակում թիմը Չինաստանի հյուսիսարևմյան Գոբի անապատում երկու STAR 1 ռոբոտ է ցուցադրել, որոնցից մեկին կոշիկ է հագցրել՝ տեսնելու, թե արդյոք դա կօգնի նրան ավելի արագ վազել:

Բարձր պտույտի շարժիչներով և արհեստական բանականության ալգորիթմներով հագեցած, կոշիկ կրող STAR1 ռոբոտը շարժվել է տարբեր՝ խոտածածկ և խճաքար տեղանքներով, վազել ասֆալտապատ և հողե ճանապարհներով՝  34 րոպեի ընթացքում պահպանելով առավելագույն արագությունը: