Մի շարք իրար հակասող մտքեր արտահայտեցիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբվերի 22-ին, ԱԺ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Դուք հայտարարեցիք, որ ձեր խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը, որպեսզի իր մասնակցությամբ չլեգիտիմացնի թեման: Դուք եկել եք օրակարգի քննարկման ժամանակ քննարկում եք այն, ինչը դուք հիմա  պատրաստվում եք բոյկոտել: Եթե ասելիք ունեք՝ մնացեք, ասեք: Կամ եթե լեգիտիացնում եք դրա մասին խոսելով, արդեն լեգիտիմացրեցիք:

Հաջորդը, ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի», է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ  չի մտի, ի՞նչն է խնդիրը»,- հայտարարեց Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով` եթե Հայաստանն այսօր վավերացնի կանոնակարգը, հետո պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում` համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած:

«Հաջորդը, դուք պնդում եք, որ սա վատ բան է Հայաստանի համար, այսինքն այս կանոնակարգը դավաճանական է, կոլաբորացիոնիստական է, վտանգի տակ է դնում Հայաստանը: Բա եթե մեզ համար էդքան վատ բան է, ինչու չպետք է վավերացնի Ադրբեջանը, ձեր տրամաբանության շրջանակներում:

Հետո ասում եք՝ «բա որ վերապահումներով վավերացնի»: Պարոն Ռուսատմայն, վերապահումներով վավերացնում են միջազգային կոնվենցիաները, երբ մի 100 երկիր վավերացնում է, ինչ-որ մի երկիր  մի մասով վերապահում է անում, ասում է՝ այդ կետն ինձ մոտ չի գործելու: Երկկողմ համաձայնության մեջ վերապահումը ո՞րն է:

Դուք գալիս, այստեղ ինչ-որ բան եք ասում, որպես տիեզերական ճշմարտություն, բայց պարզ չի, թե դրա տակի միտքը որն է: Հարց եմ տալիս` հիմա մենք վավերացրեցինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը բղավեց, որ դա դառնում է Հայասդտանի օրենսդրության մաս, ինչին Ռուբինյանն արձագանքեց. «Մեր օրենսդրության մաս ո՞նց է դառնում, եթե այդ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ երկու կողմերը ներքին ընթացակարգերն անցնում են, տեղեկացնում են միմյանց դրա մասին»:

Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ դիմելով ընդդիմությանը, հարցրեց, թե հիմա իրենք մասնակցում են քննարկմանը, թե՞ բոյկոտում են, քանի որ այս պահին հենց բանավեճ են ծավալել: