Արցախի հիմնախնդիրը կարևոր թեմա է դարձել ԱՄՆ նախագահական ընտրությունների համատեքստում։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա հիշեցրել է, որ Բայդենը կոչ է արել արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը Երևանի և Բաքվի միջև, որից հետո Թրամփը ԱՄՆ նախագահին մեղադրել է Արցախի քրիստոնյաներին պաշտպանելու անընդունակության մեջ։

Չալաբյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շտապում են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, քանի որ շահագրգռված են Բայդեն-Հարիսի իշխանության պահպանմամբ, որը խաղաղության պայմանագրի ստորագրումը քարոզարշավի շրջանակում պետք է որպես նախընտրական ձեռքբերում ներկայացնի։

«Հայաստանի ներկայիս իշխանությունների պարտնյորը Թրամփը չէ, այլ՝ Բայդենը։ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ կատարում են ԱՄՆ իշխանությունների բոլոր հրահանգները, և գնդակը Ադրբեջանի դաշտում է, որը, սակայն, չի շտապում, քանի որ հասկանում է, որ Թրամփ իշխանության գալու դեպքում Հայաստանին կարող է ավելի բարդ զիջումներ պարտադրել»,- նշել է Չալաբյանը։

Նրա գնահատմամբ՝ Թրամփը երբեք աչքի չի ընկել իր հայանպաստ մոտեցումներով, իսկ Արցախի մասին նրա հայտարարությունը տեղավորվում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ և ուղղված է ոչ միայն հայերին, այլ բոլոր քրիստոնյաներին։

«Պահպանողական քրիստոնյաներն ավելի շատ են աջակցում Թրամփին, որը փորձում է մոբիլիզացնել այդ ռեսուրսը թեկնածուների հնարավորությունների հավասար լինելու ֆոնին, և մինչև վերջին պահը պարզ չի լինի՝ ով կդառնա նախագահ»,- նշել է քաղաքական գործիչը։