Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակում այսօր, դեկտեմբերի 7-ին դարձյալ տեղակայվել են ոստիկանական ուժեր, հարակից փողոցներից տարհանվում են ավտոմեքենաները, հրապարակում տեղադրվում են եկրաթյա պատնեշներ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սովորաբար, նման միջոցներ ձեռնարկվում են չարտոնված ցույցերի ժամանակ, սակայն «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հաղորդում է, որ Տրիումֆալնի հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին տեղեկություն դեռ չի եղել: Ընդդիմության ծրագրերի մասին ոչինչ հայտնի չէ: Բացի այդ, ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ ձերբակալված են:
Հաղորդվում է նաեւ, որ Տրիումֆալնի հրապարակ են մտել երկու զրահամեքենաներ: Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցներից բացի նկատվում են նաեւ զինվորական համազգեստով մարդիկ:
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Պետդումայի ընտրությունների կեղծման դեմ հիմնական ցույցերը նախատեսված են դեկտեմբերի 10-ին:
Սոցիալական ցանցերում ընդլայնվում է բողոքի գործողությանը մասնակցելու ցանկություն հայտնողների շրջանակը: Շաբաթօրյա գործողությանն աջակցություն է հայտնել նաեւ Ռուսաստանի ավտոտերերի ֆեդերացիան: «Վեդոմոստիի» հաշվարկով, դեկտեմբերի 7-ի դրությամբ, «В контакте» եւ Facebook ցանցերում որպես պոտենցիալ մասնակից գրանցվել է 55 հազար մարդ, որից 15 հազարը` Մոսկվայում:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ բողոքի ցույցեր են նախատեսված Արխանգելսկում, Վլադիմիրում, Կրասնոյարսկում, Նովոսիբիրսկում, Սամարայում եւ մի շարք այլ քաղաքներում: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս վերցնել անձնագիր, տաք հագուստ եւ սնունդ:











