Արևմուտքը որպես այդպիսին, բուռն արձագանք չտվեց Վրաստանի ընտրություններին և «Վրացական երազանքի հաղթանակին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը՝ խոսելով Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում և դրանից հետո առաջացած լարվածության մասին։
«Հակասությունները նախընտրական փուլում ավելի թեժ էին, ընտրությունների օրը և դրանց նախորդող օրը «Վրացական երազանքի» հռետորաբանությունն Արևմուտքի նկատմամբ ավելի մեղմացավ։ Եղան նաև հայտարարություններ այն մասին, որ Արևմուտքի հետ համագործակցությունն իրենց համար առաջնահերթ է։ Արևմուտքի կողմից արվող հայտարարություններն էլ ավելի հանգիստ էին, մեղադրանքներ չէին հնչում»,–հավելեց Հասմիկ Մելիքսեթյանը։
Վրացագետի խոսքով, «Վրացական երազանք»–ը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է։ «Ռուսաստանը Վրաստանի համար տնտեսական ամենախոշոր գործընկերների եռյակում է եղել միշտ և այս պահին էլ կա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ընտրություններից օրեր առաջ Վրաստանի վարչապետը եվրոպական ամենահայտնի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասաց, որ Վրաստանում չկան այնպիսի կուսակցություններ, որոնք Ռուսաստանի ազդեցության գոտում են, և Ռուսաստանը չի կարող որևէ կերպ խանգարել ընտրություններին»,–ասաց վրացագետը։
Նա ընդգծեց, որ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը գրեթե նույն մոտեցումն ունեն Եվրոպայի և Արևմուտքի մասին, սակայն այդ ամենը տարբեր կերպ են դրսևորում։ «Կարծում եմ՝ գրեթե նույն կերպ շարունակվելու է աշխատանքը Եվրոպայի հետ։ Իհարկե, նոր փոփոխություններ, վերադասավորման, վերագործարկման հնարավորություններ կլինեն, որովհետև չեմ կարծում, որ այդ հակասություններն այդքան շուտ կմոռացվեն։ Վրաստանում ընդունվել են օրենքներ, որոնք ԵՄ–ի և ընդհանրապես արևմտյան գործիչների համար այդքան էլ ընդունելի չեն։
Լրագրողի հարցին, թե վրացագետը քաղաքացիական պատերազմի վտանգ տեսնու՞մ է՝ հաշվի առնելով, որ Վրաստանի նախագահը պայքարը փողոցում շարունակելու մասին էր հայտարարել, Հասմիկ Մելիքսեթյանը պատասխանեց. «Քաղաքացիական պատերազմի վտանգ, կարծում եմ՝ ոչ։ Երկիրն ամեն դեպքում տարբեր փուլերով է անցել, և իրենք էլ՝ կարծում եմ, գիտակցում են, որ նման իրավիճակ ստեղծելը՝ աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում, կարող է առաջին հերթին իրենց վնաս հացնել»։
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններում ո՞ր ուժի հաղթանակն ավելի շահավետ կարող էր լինել Հայաստանի համար, վրացագետը պատասխանեց. «Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատանքի մեծ փորձ ունի հենց իշխող կուսակցության հետ։ Եթե դիտարկենք, որ ՀՀ–ն ժամանակին կարողացել է նաև ներկայիս ընդդիմադիրների՝ այսինքն նախկին իշխանական կուսակցության հետ աշխատել, այդ փորձառությունը նույնպես կա։ Բայց Վրաստանում ընդդիմությունը բավականին փոխվել է, տարբեր կուսակցություններ կան, և ամեն մեկն ունի իր մոտեցումները՝ Հայաստանի և Հայաստանի ունեցած խնդիրների նկատմամբ։ Մենք միշտ կարողացել ենք աշխատել Վրաստանի հետ և ունենալ բարիդրացիական հարաբերություններ։
Չնայած դրան, չեմ բացառում, որ եթե Վրաստանում ներքաղաքական խնդիրներ առաջանան, Վրաստանը կարող է ուղղակի ժամանակ չունենալ Հայաստանի կամ այլ գործընկերների հետ ունեցած հարաբերությունները խորացնելու համար»։











