«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումներին, թե «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր է դրել իշխանության պարտադրանքով:
«ՔՊ-ն նման բան չի որոշել, և «Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում է:
Եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դա իրավական պրոցես է: Եթե ավելի խոր ուսումնասիրեք, կիմանաք որ այդ քրեական գործն եղել է վաղուց, իսկ այն որ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես է»,-ասաց նա:
Լրագրողները նկատեցին, որ երբ մի քանի տարի առաջվանից քննվող գործով ակտիվացում է լինում, հետեւում են ձերբակալություններ, իսկ դրանից կարճ ժամանակ անց Գյումրիում իշխող խմբակցությունը հայտարարում է հրաժարականի մասին, այստեղ ինչ-որ բան այն չէ, այդ զուգադիպությունները հենց այնպես չէին կարող լինել, հատկապես, որ արդեն հայտարարվում է, որ ՔՊ-ից քաղաքապետի թեկնածուն ինքն է:
Ի պատասխան Սարուխանյանն ասաց. «Իրավական պրոցեսի մասով կարող եք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, իրենք, համենայնդեպս, կունենան իրենց մեկնաբանությունը, իսկ իմ մասով ես չեմ հայտարարել այդպիսի բան, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ ՔՊ-ն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող անձնավորություններ: մենք այդ մասին հայտարարել ենք նաեւ այն կոնտեքստում, որ պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների»:
Նա ընդգծեց, որ քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե ՔՊ-ն իշխանություն է զավթում:
Հարցին՝ ՔՊ-ում բոլո՞րն են ուզում, որ ինքը լինի քաղաքապետի թեկնածուն, Կարեն Սարուխանյանը դրական պատասխան տվեց:
«Եթե քարոզարշավ եղավ, մարդկանց կներկայացնենք, որ իրականում նման բան չկա: Չպետք է և չարժե իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել: Բացարձակ մեկը մյուսի հետ կապված պրոցեսներ չեն:
ՔՊ կուսակցությունը հետագա մեր անելիքների մասին պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:
Հիշեցնենք՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, ով գտնվում է արտերկրում։











