Այդ հարցը տվեք «Բալասանյան դաշինքին», ես ենթադրում եմ, որ «Բալասանյան դաշինքի» մեր հարգարժան գործընկերները որոշել են ուղղակի դուրս գալ քաղաքականությունից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց չի՞ հետաքրքրել, թե ինչու Գյումրիի ավագանիում մեծամասնություն հանդիսացող «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները մանդատները վայր դրեցին, իսկ քաղաքապետը հրաժարական տվեց:
Նա նշեց, որ Գյումրիում արտահերթ ընտրությունների մասով ՔՊ-ում քննարկում եղել է եւ կուսակցությունը պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգա:
Անդրադառնալով մեղադրանքներին, թե ՔՊ-ն ուզում է «Սեւ բերդը» խլել Բալասանյանների ընտանիքից, դա դարձնել ՔՊ-ի բիզնեսը, Կարեն Սարուխանյանը այդ լուրերը սին անվանեց:
Հիշեցնենք՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն ներկայացրել են ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Ավագանու «Բալասանյան դաշինք» կուսակցության ընտրական ցուցակում գտնվող և ավագանու անդամ չստացած անդամները բոլորը ինքնաբացարկ էին ներկայացրել՝ բացառությամբ մեկի, ով գտնվում է արտերկրում։











