Այո, Հայաստանում առկա է հարկային տեռորի հստակ դրսեւորումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

Գնալով դրանք ավելի ցայտուն դրսեւորումներ են ունենալու: Որովհետեւ հաջորդ տարվա բյուջեի պլանավորումը մոտավորապես ոտքի վրա է լինում՝ առանց խորքային ուսումնասիրությունների: Պարոն Բադասյան, որքա՞ն է ծրագրվածից պակաս հավաքվել հարկային եկամուտները 2024-ի 10 ամիսներին:  Երկրորդը, եթե այդ հարկային վարչարարության գործիքակազմը չկիրառվեր, ավելի պակաս հարկահավաքում կունենայինք: Բացի դրանից, այս տարի մենք հարկային որոշակի խստացումներ ենք ունեցել»,-ասաց նա՝ դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Ավեիտսյանը նշեց, որ ինքը լուրջ ռիսկեր է տեսնում հաջորդ տարվա բյուջեում ներառված հարկային եկամուտների հավաքագրման հիմքում. «Առաջինը 5,6 տոկոս տնտեսական աճն է, որից պետք է գեներացվեն հարկերը: Ակնհայտ է, որ այն գործոնները, որոնք մեզնից անկախ բերել էին բարձր տնտեսական աճ, հիմա դրանք թուլանում են, մի պահի էլ վերանալու են եւ դժվարություն է առաջանալու 5,6 տոկոս աճ ապահովելու համար:

Դուք նախատեսում եք երեւի նորից հրկային վարչարարության՝ տեռորի, արդյունքում ունենալ 0,7 տոկոսային կետ ՀՆԱ/հարկեր հարաբերակցության բարելավում: Սա շատ վտանգավոր ցուցանիշ է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ իշխանությունը հայտարարում է, որ 2017-ի համեմատ կրկնապատկել է բյուջեի եկամուտները, սակայն չի հայտարարում, որ կրկնակի մեծացրել են պետական պարտքը: Թող մեր հանրությունն ի սկզբանե իմանա, որ բարձրագոչ խոստումները ռիսկի տակ են»:

Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց. «Հայաստանում հարկային «տեռոր» չկա: Ընդհակառակը, մեր վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելուն։ Մենք շատ գործընկերային ենք աշխատում Հայաստանի բոլոր հարկ վճարողների հետ»:

ՊԵԿ նախագահը պատասխան հարց ուղղեց. «Դուք համաձայն չե՞ք, որ հազարավոր հարկ վճարողների համար մաքսային ընթացակարգերը պարզեցվել են։ Համաձայն չե՞ք, որ քաղաքացիենրը, որ ստիպված էին հերթերի մեջ ժամանակ ծախսել, այլեւս չեն ծախսում: Դուք համաձայն չե՞ք, որ նախնական հայտարարագրման 2-3 օր տեւող պրոցեսը վերածել են 15 րոպեից մինչեւ մի քանի ժամվա պրոցեսի:

Կառավարությունը միշտ ձգտում է ոչ թե լավ, այլ շատ ավելի լավ ցուցանիշներ կանխատեսել, այսինքն նշաձողը դնում է բարձր, որպեսզի ձգտենք այդ նշաձողին հասնել: Այս տարի շատ լացվի փոխարեն, լավ արդյունքներ ենք արձանագրել: Պլանավորում էինք, որ անվանական ՀՆԱ-ն կաճի 11 տոկոսով, նոր կանխատեսմամբ այն կաճի 7 տոկոսով, ինչը վատ ցուցանիշ չէ, լավ ցուցանիշ է»:

Թադեւոս Ավետիսյանը հակադարձեց՝ նշելով. «Բազմաթիվ են դեպքերը, երբ հարկային տեսուչը մարդկանց ցուցումով ասում է՝ էսքան վերադարձից հրաժարվի, էսքանը քեզ վերադարձնենք: Տասնյակ, հարյուրավոր ավտոներկրողներ օրը ցերեկով տեսախցիկների առաջ այս մասին ասել են, դուք չգիտե՞ք: Դա համատաևրած է եղել: Դա հենց տեռորն է, երբ մարդուն կանչում են քննիչի կամ հարկային տեսուչի կաբինետ, ասում են՝ քեզ հասանելիքից հրաժարվի, 40-60 տոկոսից հրաժարվի, որ մնացածը հետ տանք, բա տեռորը պողով-պոչով չի լինում»: