Դրական մթնոլորտում է անցել բլոգերների հետ հանդիպումը: Մենք մեր պլանների մասին խոսեցինք: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Խոսեցինք հարկ վճարելու կարևորության մասին: Ինֆլյուենսերները բարձրացրին իրենց գործունեության առանձնահատկությունները, թե իրենք ինչով են զբաղվում, ինչ նպատակ ունեն, դրա որ հատվածն է ձեռնարկատիրական նպատակ, որ հատվածն է առավել ձեռնարկատիրականի հետ կապ չունեցող: Մենք լսեցինք, արձանագրեցինք իրենց մտահոգությունները և փուլ-փուլ փորձելու ենք լուծել և իրենց համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել»:

Հարցին՝ ի՞նչ մտահոգություններ ունեին նրանք, ՊԵԿ նախագահը պատասխանեեց. «Օրինակ, իրենք կարող են լսարան հավաքելու համար որեւէ թեմայի մասին խոսել եւ դա որակվի, որ իերքն գովազդում են դա: Մենք դրա մասին հավական երկար խոսեցինք, մեր պլանների մասին խոսեցինք, որ հնարավոր է՝ ինքնազբաղվածների համակարգ իրենց համար էլ նախատեսենք, որ հնարավորինս պարզ լինի եկամուտներ հայտարարագրելը եւ վճարելը»:

Ավելի վաղ հայտնել էինք, Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։