Մեր ժողովրդի էլիտաները հայտնի են մեկը մյուսի դեմ դավեր նյութելով, նույն Գրողների միությունում է եղել ժամանակին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հիմա ես հասկանում եմ՝ իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում: Բայց իմ խնդիրն է այդ պայթեցումները կանխելը: Եթե կա հեռահար նպատակ քաղաքական համակարգը պայթեցնելու, դա պետք է կանխել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հայտնի քննիչ հանձնաժողովների նախագահ լինելով իր ունեցած ինֆորմացիան կարող է վտանգավոր լինել իշխանության համար, Քոչարյանն ասաց. «Ես իշխանության կրող եմ, ո՞նց կարող եմ ես վտանգավոր լինել մեր իշխանության համար: Այն, ինչ ես իրականացրել եմ, դրանք պետության համար ծրագրեր են»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ՔՊ-ի փակ հանդիպումից ինքը հասկացել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անիմաստ թիրախավորումն ընդունելի չէ: Եթե կան մարդիկ, որ ուզում են պայթեցնել քաղաքական համակարգը, նրանք էլ պետք է իմանան, որ որեւէ հաջողություն արձանագրելու շանս չեն ունենալու»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ մտավախություն ունի, որ ներսից ցանկություն կա պայթեցնելո՞ւ քաղաքական համակարգը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, դրսից ներսում խնդիրներ առաջացնելու: Ներսում էլ կարող է գայթակղվեն, բայց դա երկրորդական է: Ակնհայտ է ընդդիմության նպատակը: Աղվան Վարդանյանը խոսում է մահապարտների մասին: Ինչի՞ համար են պետք մահապարտները՝ ֆիզիկական պայթեցման, թե՞ գաղափարական»: