Եվրոպացի քաղաքական գործիչների այցերը Չինաստան նպատակ ունեն ցույց տալու, որ ոչ ոք մտադիր չէ երկար ժամանակով խզել հարաբերությունները Չինաստանի հետ։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մասլովը:

«Եվրոպան ցանկանում է իր քաղաքականությունը տարանջատել Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Այո, շատ առումներով եվրոպական և ամերիկյան դիրքորոշումները մոտենում են, բայց, միաժամանակ, Եվրոպան Չինաստանի նման այլ խոշոր ներդրող չունի։ Մենք տեսնում ենք, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Եվրոպան չի գոյատևի առանց չինական խոշոր ներդրումների։

Ավելին, արևմտյան շատ ընկերություններ չեն կարող գոյատևել առանց չինական շուկայի, չինական տեխնոլոգիաների, չինական միկրոչիպերի, չինական ինժեներական և տեխնիկական լուծումների։

40 տարվա ընթացքում Չինաստանն իր տնտեսությունն այնպես է կառուցել, որ առանց չինական գործոնը հաշվի առնելու ոչ մի երկրի տնտեսություն չի կարող զարգանալ։ Սա Չինաստանի ուժն է։ Միևնույն ժամանակ, Չինաստանի՝ որպես գերտերության ազդեցությունը միայն այսօր է սկսում դրսևորվել։ Մինչ այս Չինաստանն աշխատում էր իր համար, իսկ այժմ այն ​​հասունացող գերտերություն է։

Միաժամանակ, Չինաստանը դժվար թե շուտով դառնա աշխարհի առաջատար երկիրը։ Բացի դրանից, ԱՄՆ-ի, Հնդկաստանի և այլ երկրների հետ մրցակցությունը դեռ տասնամյակներ շարունակ կշարունակվի»,- նշել է Մասլովը։