Ամերիկյան հետաքրքրությունների դաշտում մենք հաստատ առաջին հորիզոնականում չենք, ինչը շատ բնական է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին:
«Տեւական ժամանակ ուկրաինական հակամարտությունը հօգուտ Զելենսկու ֆինանսավորում էր ԱՄՆ-ը: Հավանաբար Թրամփը հաշիվ կներկայացնի Եվրոպական երկրներին, որպեսզի նրանք լրացնեն այն ֆինանսական հոսքերը, որոնք ԱՄՆ-ն միանձնյա փոխանցել է Ուկրաինային: Հաշվի առնելով եվրոպական երկրներում տնտեսական ռեցեսիաները, դա նրանց համար խնդրահարույց կլինի: Հավանաբար վերագնահատվելու է եվրատլանտյան համագործակցության թե ոգին, թե տրամաբանությունը, թե ապագան:
Հաշվի առնելով, որ ԵՄ-ն այս ընթացքում էականորեն թուլացել է, կարծում եմ՝ իրենց գոնե հետին մտքում ունեն այն հեռանկարը պետք է սեփական անվտանգությունը ապահովել սեփական միջոցներով»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Հարավային Կովկասում որոշ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում էին ԱՄՆ-ի կողմից, կկրճատվեն. «Բայց ասել, որ հետաքրքրությունների տիրույթը կվերանա, ասենք Հայաստանի մասով, ես այդպիսի կարծիքի չեմ: Հարավային Կովկասում ուժային բալանսի փոփոխությունը շահեկան է լինելու ԱՄՆ-ին: Այլ հարց է, որ դա այլեւս ԱՄՆ-ի առաջնահերթությունները չի լինի»,-ասաց Ղեւոնդյանը:











