Շոտլանդիայում 250 կմ/ժ արագությամբ ուժեղագույն փոթորիկ է սկսվել: Նման փոթորիկ այդ կողմերում վերջին 15 տարում չէր եղել:

Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, դպրոցները եւ այլ հաստատությունները փակ են, դադարեցվել է տրանսպորտային երթեւեկությունը, օդային կապն ընդհատված է:

Յորքշիրի ափերին երեք հարյուր ուղեւորներով նավը ուժեղ քամու պատճառով չի կարողացել  խարիսխ գցել  եւ կրկին բաց ծով է դուրս եկել:  Հողմի ուժգնությունը Հյուսիսային Էյրշիրում քամու գեներատորի բռնկման պատճառ է դարձել: Մրրիկը 50 հազար մարդու զրկել է էլեկտրականությունից:

Տարերքը քիչ է մնացել երեք ավտոմեքենաների վարորդների մահվան պատճառ դառնա, որոնց մեքենաները քշել է ջրի հոսքը:  Փրկարարները միայն ուղղաթիռների միջոցով են կարողացել նրանց տարհանել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց` ցրտահարված լինելու կասկածով:

Անգլիայի եւ Ուելսի որոշ հատվածներում բնակիչներին նախազգուշացրել են ջերմաստիճանի հնարավոր նվազման եւ ձյան ուժգնացման մասին:  Այդ շրջաններում մարդկանց կոչ են արել մինչեւ դեկտեմբերի 9-ի ժ.  14:00-ն (18:00` Երեւանի ժամանակով) առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ, տեղեկացնում է  BBC-ն: