Տիգրան Ավինյանը Երեւանի լեգիտիմ քաղաքապետ չէ, ինչը անվստահություն է առաջացնում նրա գործողությունների նկատմամբ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը։
Նա բացատրեց, որ իշխանությունները մանդատ են ստացել երեւանցիներից յուրաքանչյուր տասներորդից, հետեւաբար՝ քաղաքը կառավարելու իրավունք չունեն։
Պետրոսյանը հիշեցրեց, որ Երևանում ավտոկայանատեղիների գների կտրուկ բարձրացմամբ՝ իշխանությունները խոստացել են, որ դա կթեթևացնի քաղաքի երթևեկությունը, թեև իրավիճակը միայն վատթարացել է։
«Ինչո՞ւ այս դեպքում իշխանությունները չեն վերադարձնում նախկին գները։ Եթե հավատում եք իշխանությունների խոստումներին, ապա մետրոյի գծերը պետք է երկարացվեին մինչև Աշատարակի խճուղի, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաքը։ Սակայն մետրոյում տիրող իրավիճակը հիշեցնում է 1990-ականները, երբ Հայաստանում հոսանքազրկումներ էին լինում»,- նկատեց նա։
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչը հավելեց, որ վերգետնյա տրանսպորտի առումով ներդրված վճարային համակարգը անհասկանալի է տարեց քաղաքացիների համար, որոնք չեն կարողանում հասկանալ տեխնիկական բարդությունները։
«Բացի այդ, ուղեվարձը հասցնելով 300 դրամի, մահվան եք մղում առանց այն էլ չնչին թոշակ ստացող մարդուն։ Իշխանությունների համար գործում է հետեւյալ տրամաբանությունը՝ չկա մարդ՝ չկա խնդիր։ Նրանք լուծեցին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրը, որոնք զանգվածաբար արտագաղթում են Հայաստանից»,- պարզաբանեց ընդդիմադիրը։











