NEWS.am-ը եւ «Գեղարդ» հիմնադրամը «Բա իմացա՞ր» նախագծում «Պատմությունը եւ իրականությունը» խորագրով նոր շարք են սկսում, որի առաջին թողարկմանը լրագրող Տիրուհի Բայբուրդյանի հետ հարցազրույցում  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմագիտության թեկնածու Ռոբերտ Ղազարյանը խոսել է  Ադրբեջանի պատմական կեղծարարությունների, դրա ակունքների եւ նպատակների մասին։

1918 թվականին առաջին անգամ հռչակվելով Ադրբեջան պետությունը խնդիր է դրել ստեղծել նոր ժողովուրդ եւ այդ գործընթացն ու ազգային արմատների փնտրտուքը  շարունակում է մինչեւ օրս․ ի վերջո, ադրբեջանցիները հին Աղվանքի  ժողովուրդների հետնո՞րդն են, շիա մահմեդական մշակույթի կրո՞ղ, թաթարնե՞ր, առանձին թյուրքական ցե՞ղ, թե թուրք ժողովրդի հետ մեկ ամբողջություն։  Խորհրդային տասնամյակներին Ադրբեջանում պատմություն հորինելու նպատակը ազգային մշակույթի ստեղծումն էր, ջանալով «հնեցնել» ադրբեջանցիներին, սեփական էթնոսը տանելով հին դարեր։ Բայց քանի որ միջնադարում եւ դրանից առաջ էլ տարածաշրջանում կային պետություններ եւ ժողովուրդներ, ուրեմն պետք էր գողանալ եւ որոշվեց շեշտադրումը դնել Հին Աղվանքի վրա, ադրբեջանցիներին «դարձնելով» այդ պետության քրիստոնյա ժողովուրդների ժառանգորդը։ Մեկ այլ ուղղություն էր Ադրբեջանի այսօրվա տարածքում գտնվող Մարաստանի կամ էլ ավելի հին՝ Ուրարտուի հարեւան Մաննա պետության ժողովուրդներից սերելու շուրջ «ուսումնասիրությունը»։ Հետեւողականորեն պատմագիտական «աշխատություններում» ու դասագրքերում ներկայացվում է, թե իբր իրենք միշտ եղել են այստեղ, իսկ հայերը  եկվոր են, որոնց ռուսներն են բերել Պարսկաստանից։ Այս հետեւողական ջանքերն են հակահայկականությունը դարձրել  դեռ ձեւավորվող ադրբեջանական էթնոսի բնորոշ գծերից մեկը։

Այս ամենը հիմք է ծառայում սեփական հասարակությանը ագրեսիվ ծավալապաշտության պատրաստելու գործին, օգտագործելով նաեւ միջազգային հարթակները։ «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը ծառայում է հենց այդ նպատակին, որին փորձում են գիտական հենք տալ՝ ստեղծելով գիտական կենտրոններ, նույնիսկ հեռուստաընկերություն։ «Գեղարդ» հիմնադրամի նպատակը ոչ միայն այդ կեղծարարությանը հակազդելն է, այլեւ մեկ քայլ առաջ լինելը, բոլոր հնարավոր հարթակներում, այդ թվում սոցցանցերում պատմական ճշմարտությունը հանրայնացնելը։

Ադրբեջանցի պատմաբաններ կան, որոնք ջանում են մեր տարածաշրջանի  նշանավոր դեմքերի տոհմածառը «հասցնել» մինչեւ Իլհամ Ալիեւ։ «Պատկերացնում եմ Երեւանի խանի դեմքը, երբ նա իմանում է, որ  ինքն ադրբեջանցի է», – ասում է պատմաբանը։