Մենք գիտենք, որ նախատեսվում է նորոգման աշխատանքներ իրականացնել Հայկական ԱԷԿ-ում, ինչպես նաեւ քննարկվում է նոր ԱԷԿ կառուցելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 12-ին ասել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը։

Նա հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել այդ աշխատանքներին եւ օգնել հայ ժողովրդին բարելավել իր բարեկեցությունը։ «Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում, շահագրգռված ենք համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում»,- նշել է դիվանագետը։

Նա ավելացրել է, որ Գեղարքունիքի մարզում Չինաստանն իրականացնում է ֆոտովոլտային կայանի շինարարության ծրագիր, որը շուտով կհանձնվի շահագործման։

«Այսպիսով, չինական արեւային կայանները կդառնան Հայաստանի էներգետիկ համակարգի կարեւոր մասը»,- նշել է Չենը։