Չինաստանի երեք խոշոր քաղաքների ազատ գոտիներում մեր ապրանքների արտահանման աջակցման ծրագիրը թույլ կտա հայկական ապրանքներին ավելի մատչելի գնային առաջարկ ներկայացնել, որովհետև Հայաստանը անշուշտ ունի ճանապարհային խնդիր, լոգիստիկ խնդիր  և մաքսազերծման խնդիր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Շանհայում կայացած «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսի մասնակցության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի համապատասխան հուշագիր է ստորագրվել հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ:

«Եթե մենք այդ երեք խնդիրներից գոնե մեկը կարողացանք լուծել, որոշակիորեն գնային սանդղակը շատ ավելի մատչելի կլինի և հայ արտադրողը կկարողանա մատչելի տարբերակով մուտք գործել ասիական շուկաներ։

Մաքսային արտոնությունները վերաբերում են երեք քաղաքների՝ Պեկին, Չանգչունգ, Նինգբո, ազատ գոտիներին: Դա լայն հնարավորություն կտա այնուհետև այդտեղից դուրս գալ այլ չինական քաղաքներ, ինչը շատ ավելի կհեշտացնի մատակարարի և նաև արտադրողի գործը։

Եթե խոսում ենք Նինգբոյի մասին, այն 20 միլիոնից ավելի բնակչություն ունի, էլ չեմ խոսում Պեկին, Չանգչունգ քաղաքների մասին։ Երեք քաղաքների հետ մենք կնքել ենք հուշագրեր, որ այդտեղ ազատ գոտիներում կարող են ընդունել հայկական արտադրանքը։ Միայն մեկ քաղաքում ընկերությունները, եթե կարողանան իրացնել իրենց արտադրանքը, դա կարծում եմ բավականին մեծ ձեռքբերում կլինի ֆինանսական տեսանկյունից»,-ասաց նա:

Հարցին՝ այդ արտոնությունները կոնկրետ ապրանքախմբերի՞ն են վերաբերում, թե՞ բոլոր տեսակի բիզնեսներինինչ ուզի մեր բիզնեսը կարող է արտահանել, Մանուկյանը պատասխանեց. «Մասնավորապես խմիչքի մասով է այս պահին, որովհետև ոգելից խմիչքներն են, որ հարկվում են 56%-ով եւ դրանից այս դեպքում ազատվում են: Իսկ օրինակ,  չիրը, քաղցրավենիքը ընդհանրապես հարկման ենթակա չեն»:

Ինչ վերաբերում է Շանհայում կայացած «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսին, Մարիամ Մանուկյանն ասաց, որ վերաբերմունքը հայկական տաղավարների հանդեպ չափից ավելի դրական էր. «Մենք չէինք հասցնում սպասարկել, նրանք շատ ոգևորված էին, մասնավորապես գինու ոլորտ ներկայացնող ընկերություններով։ Շատ մեծ պահանջարկ վայելեցին նռան գինիները, նրանց քիմքին ավելի մոտ էին թեթև ալկոհոլային խմիչքները։ Էլ չեմ ասում չրերի և չրանման քաղցրավենիքների մասին, որ համտեսում էին և ցանկանում էին գնել։

Ցուցահանդեսը նոյեմբերի 5-ից 10-ն էր, բայց մենք այլևս ամսի 5-ին կոմերցիոն տաղավարում չունեինք արտադրանք ներկայացնելու, քանի որ արդեն բոլորը գնել էին: Յուրաքանչյուր օր ցուցահանդես էր այցելում 1-1,5 միլիոն մարդ»:

Մարիամ Մանուկյանը խոսեց նաեւ առաջիկա ծրագրերից. «2025 թվականը միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի համար բավականին ակտիվ տարի է լինելու, մենք մեր աշխատանքային գործառույթը հենց առաջին ամսից սկսելու ենք ԱՄՆ հայ-ամերիկյան բիզնես կամուրջ ծրագրից, որը մեկնարկելու է Վաշինգտոն, Չիկագո և Կալիֆորնիա քաղաքներում։ Արդեն հայ ամերիկյան բիզնես կամուրջ ծրագրի մեկնարկը տրված է: Աջակցման ծրագրից կարող են օգտվել տնտեսվարողները, դիմելով մինչև տարվա վերջ, որպեսզի կարողանանք գրանցենք և իրենց մասնակցությունը ապահովենք Միացյալ Նահանգներում հունվար ամսին տեղի ունենալիք այդ խոշորագույն ծրագրին»,-ասաց նա: