Սա նորմալ մթնոլորտ չէ, առճակատման մթնոլորտը պետք է դադարեցվի, սա հարիր չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Հայաստանին։ Դրա մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային համաժողովի շրջանակում նշել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
«Ես Հայաստանում ռուսական բազա եմ ստեղծել, որպեսզի ապահովեմ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի անվտանգությունը, քանի որ նրա դիմաց ՆԱՏՕ-ի երկիր է (Թուրքիա-խմբ.)»,- նշել է նա։
Գեներալը կարծում է, որ եթե ռուսական բազան հեռանա, Հայաստանը «20 րոպեից կկործանվի»։
Ըստ նրա՝ Հայաստանը չպետք է սառեցներ աշխատանքը ՀԱՊԿ-ում: Նա միաժամանակ հավելել է, որ Հայաստանին ոչ ոք թույլ չի տա դուրս գալ ՀԱՊԿ-ից:
«ՀԱՊԿ-ից չի կարելի դուրս գալ: ՀԱՊԿ-ն շիրմայի պես ծածկում է Հայաստանին, ՀԱՊԿ-ն ամեն պահի կօգնի:
Ընդ որում ՀԱՊԿ շրջանակում անհրաժեշտ է փոխել փաստաթղթերը։ Ինչո՞ւ են ՀԱՊԿ զորքերը ուղարկվել Ղազախստան: Ինչ է, ինչ-որ մեկը հարձակվե՞լ էր Ղազախստանի վրա: Ոչ: Իսկ ինչո՞ւ (ՀԱՊԿ զորքերը-խմբ) մեկնեցին այնտեղ։
Ավելին, Հայաստանի դեպքում, երբ Ադրբեջանը օկուպացրել էր 200 քառակուսի կիլոմետր տարածք, ՀԱՊԿ-ում հայտարարեցին. «Դուք սահմանային վեճեր ունեք»։
Դա նորմալ չէ։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը պետք է օգներ: Հայաստանը դրանից հետո պետք է շտապ խորհրդակցություն նախաձեռներ և քննարկեր իրավիճակը։
Այն ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղարը բղավել է, թե դա սահմանային վեճ է։ Ես անձամբ զանգեցի ու ասացի. «Քարտեզ չունե՞ք, ինչ է»։
Հիմա Տավուշում բարձունքները հանձնում են, իսկ այնտեղ Լաչինի միջանցքի պես է, և եթե նրանք (ադրբեջանցիները - խմբ.) փակեն Վրաստանի ճանապարհն ու գազատարը, Հայաստանը կհայտնվի նույն վիճակում, ինչ վիճակում 10 ամսվա մեջ հայտնվեց Ղարաբաղը։ Եթե այս երեք գյուղերը իբր անկլավներ էին, ուրեմն հանձնեք Արծվաշենը, որտեղ 20 հազար հայ էր ապրում»,- ընդգծել է գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։











