Թումանյան փողոցի 31 ա շենքի արտաքին պատը նոր ու քաղաքի համար կարևոր զարդ ունի։  Տրավերտինի ու մետաղի յուրահատուկ համադրությամբ ժամանակակից դիզայնով հուշատախտակն այսուհետ անցորդներին կհիշեցնի, որ 1959-2021թթ.-ին այդտեղ ապրել է Հայաստանում բժշկական ռադիոլոգիայի հիմնադիր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը։ Դեկտեմբերի 1-ին պրոֆեսորն 90-տարեկան կդառնար։ Հուշատախտակը հոբելյանի առիթով է։ 

Նիկոլայ Մեսրոպի Հովհաննիսյանը  համարվում է ԽՍՀՄ-ում միջուկային սրտաբանության հիմնադիրներից մեկը և Հայաստանում ռադիոնուկլիդային դիագնոստիկայի հիմնադիրը։ Նա 400-ից ավելի աշխատանքների հեղինակ է, որոնց մեծ մասը  վերաբերում են բժշկական ճառագայթաբանությանն ու ռադիոակտիվ իզոտոպների միջոցով սրտանոթային հիվանդությունների ախտորոշմանը։ Պրոֆեսոր Հովհաննիսյանը նաև ՀԽՍՀ պետական մրցանակակիր ու Լոմոնոսովի անվան մեդալակիր էր։ Ապրել է 86 տարի ու մինչև կյանքի վերջին տարիները նպաստել է Հայաստանում  ճառագայթային ախտաբանության զարգացմանը։ 

Բացված հուշատախտակը ոչ միայն գիտական ձեռքբերումների մասին է, այլ նաև այն մասին, թե ինչպես մի մարդ, իր աշխատասիրության շնորհիվ, կարողացավ անջնջելի հետք թողնել հայրենական բժշկության ոլորտում, դառնալով շատերի փրկության հույսը։