Այո, ստացվում է, որ դու կարող ես պետության դեմ հանցագործություն անել և ներվել, կարող ես ինչ ուզենալ, անել ու ներվել, մնալով իշխող թիմի անդամ, բայց եթե համարձակվես Նիկոլ Փաշինյանի կամքը չկատարել, դու կդառնաս պետական դավաճան, հանցագործ, կոռուպցիոներ, բարոյական կերպարդ կոչնչացնեն, հանրային քո հեղինակությունն էլ կոչնչացնեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմությանը:
Նա նաեւ այլ օրինակներ բերեց. «Մամիկոն Ասլանյանը պարզվեց՝ հանցագործ է, երբ ընտրվեց Վանաձորի քաղաքապետ։ Ես չեմ հասկանում, քարոզարշավի ընթացքում հնարավոր չէ՞ր պարզել, որ հանցանք է գործում: Պարտադիր ընտրվելուց հետո պիտի պարզվեր, որ Մանիկոն Ասլանյանը հանցագործ է և պիտի գնար մի քանի տարի նստեր։ Այսինքն, եթե ընտրություններում հաղթում ես, դառնում ես հանցագործ, Նիկոլ Փաշինյանի դեմ ես դուրս գալիս՝ հանցագործ ես։
Հովիկ Աղազարյանի դրվագով մենք այս ամեն ինչը գիտեինք: Ոչ թե լսել էինք ինչ-որ տեղից, այլ այս մեթոդները մեզ վրա էին կիրառվել, կիրառվում տարիներ շարունակ: Մենք ունենք կուսակցականներ, ում ցույցերին չմասնակցելու համար սպառնացել են կնոջը, մենք ունենք ակտիվ տարբեր շարժումների մասնակցողներ, ում հարազատներին են սպառնացել, ում հաշվի առնելով, որ գյուղական համայնքներ են, սպառնացել են, որ ոստիկանություն կտանեն և կպահեն ընտանիքի կին անդամներին:
Այսպիսի պայմաններում մեզ շատ երկար ժամանակ կպահանջվեր փաստերով դա ցույց տալու համար, որովհետև իրենք այդ գործը, ի տարբերություն այս մեկի, մաքուր էին անում: Բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ի իշխանություն է զավթել, այս նույն սխեման է գործել:
Այդ ո՞նց է լինում, որ մի գիշերով ավագանու տասնյակ անդամներ մանդատները վայր են դնում, ունենում են խրոխտ ելույթ առավոտյան, մեկ էլ վաղը հաջորդ օրը առավոտյան փոխում են որոշումները։
Հովիկ Աղազարյանը մեզ օգնեց այս դրվագով, ցույց տալու, թե ո՞նց են իրենք աշխատում, իշխանությունը ո՞նց է լուծում իր հարցերը: Հիմա ապացույցները ժողովուրդ ջան ձեր սեղանին են, ինձ մի հավատացեք, լսեք Հովիկ Աղազարյանի հարցազրույցները: Նայեք՝ իրենց թիմի անդամին ո՞նց են վերաբերվել, երբ որ համարձակվել է մի քանի հարցում անհամաձայնություն հայտնել:
Ինձ թվում Նիկոլ Փաշինյանի համար ԱԱԾ-ն պրեզենտացիա է սարքել Հովիկ Աղազարյանի հեռախոսի նյութերով: Հետո դա ներկայացվել է ՔՊ-ի վարչության նիստին։ Ալեն Սիմոնյանը Հովիկ Աղազարյանի անձնական հաղորդագրությունների մեջ ի՞նչ գործ ունի»,-ասաց նա:











