Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու:
Մինչ այդ մսավաճառներից մեկն ասաց, որ իրենցից պհանջում եմ սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ, բայց իրենց բնակավայրում չկա սպանդանոց. «Ինձ ասում են՝ մի դիմադրեք, մեկ է, տանելու ենք: Ասում են՝ տանելու ենք վառենք: Ես էլ ասում եմ՝ կարո՞ղ ենք տեսնել, որ վառում եք, ոչ թե տանում եք մեջ-մեջ անեք: 500-600 կգ-անոց մարմինը տարել են: Ասում եմ՝ եկեք գնանք Վեդի, եթե ինձ ցույց տաք սպանդանոց, միսը տարեք, ինձ էլ տուգանեք: Եթե սպանդանոց չկա, ո՞նց եք պարտադրում, որ սպանդանոցի թուղթ ունենանք»:
Մսավաճառներից մեկը նկատեց, որ ինքն այստեղ աշխատում է արդեն 4-5 ամիս, ոչ մի անգամ ՍԱՏՄ-ից չեն եկել, հիմա նոր տարվա շեմին եկել են ու միսը առգրավել են:
ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը նշեց, որ իրենք ստուգում են իրականացնում, եւ եթե չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը, ապա միսը պետք է առգրավեն: Մսավաճառն էլ արձագանքեց. «Ցույց տվեք, որ Արարատում կա սպանդանոց, եթե կա ցույց տվեք»: Մելիքյանը միայն նշեց, որ սպանդանոցների ցանկը հրապարակված է:
Ոստիկանության աշխատակիցներից մեկն էլ խորհուրդ տվեց. ««Եթե չեք կարողանում սահմանված պահանջները բավարարելով գործունեություն ծավալել, ապա մի զբաղվեք այդ գործով»:











