Ավստրալիայի ափին վայրի կադրեր են նկարահանվել, որտեղ երևում է, թե ինչպես է սոված շնաձուկը հոշոտում հսկայական կոկորդիլոսին:

Էլիս Բեդուելը Storyful լրատվական գործակալությանը պատմել է, որ դեկտեմբերի 13-ին եղել է Նհուլունբուի քաղաքի Թաուն լողափում, երբ տեսագրել է երկու գիշատիչների դրամատիկ հանդիպումը:

Սկզբում նա տեսել է մեջքով ջրի մեջ պառկած տպավորիչ պոչով կոկորդիլոսին:

Այնուհետև հսկայական շնաձուկը լողալով մոտենում է սողունին, բացում երախն ու հափռում կոկորդիլոսի գլուխը։

Գիշատիչների  միջև գոտեմարտ է սկսվում, սակայն շնաձուկը հաղթում է կոկորդիլոսին։ Ի վերջո նրանք երկուսն էլ անհետանում են ջրի տակ։

Ըստ American Oceans կազմակերպության՝ շնաձկներն ու կոկորդիլոսները գիշատիչներ են, որոնք կարող են հայտնվել ընդհանուր միջավայրում, օրինակ՝ առափնյա ջրերում, և ընդհարվել՝ մրցելով տարածքի կամ ռեսուրսների համար:

Սակայն երկու գիշատիչներն էլ ունեն որսի տարբեր եղանակներ, որսի նախասիրություններ և բնակության վայրեր, ուստի նրանց միջև գոտեմարտն այնքան էլ հաճախ չի հանդիպում: