Չարաշահում բառը ճիշտ չեք ասում, անճշտություններ են: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
«Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որ խախտումներ կան Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի: Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք դրա հետ: Հիմա գործը ուղարկվել է դատարան։ Դոտացիաների մասով 600 միլիոն թիվ է ֆիքսվել, Մենք դրա հետ կապված պարզաբանում ենք տվել: Ես վստահեցնում եմ ձեզ, որ դա չարաշահում չի, խախտումներ էլ չեն: Քանի որ գործը գնացել է դատախազություն, ես ձեզ խնդրում եմ, դուք էլ հետևեք այս իրադարձություններին, հասկանանք, արդյոք կան այդ խախտումները, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հարցին՝ ինքը ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին հարցրե՞լ է, կարո՞ղ է ինչ-որ հատուկ ուղղորդում ունի այդ ստուգումը, Ահարոն Սահակյանը պատասխանեց. «Չեմ հանդիպել, որ հանդիպեմ՝ կհարցնեմ»:
Դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ասել, որ ՊՎԾ-ն ընկել է Կոտայքի մարզի ու մարզպետի հետևից, նա արձագանքեց. «Ես նման բան չեմ կարող ասել, ՊՎԾ-ն իր գործառույթներն է իրականացնում, թող իրականացնի: Ես վստահեցնում եմ ձեզ, որ նման բան չկա, կարծում եմ՝ ճիշտ չեն ստուգել»:











