21-րդ դարում տեխնոլոգիաների և սպորտի համադրությունը բերեց նորարարական մի ուղղություն՝ ֆիջիթալ սպորտ: Սա յուրահատուկ հիբրիդային սպորտաձև է, որը համադրում է ֆիզիկական և թվային միջավայրերը՝ ստեղծելով լիովին նոր փորձառություն: Այստեղ գնդակն ու ջոյստիկը ոչ թե հակադրվում են, այլ միավորվում, իսկ վիրտուալ իրականությունը և առաջատար տեխնոլոգիաները դառնում են այս նոր ֆորմատի առանցքը:

Դեկտեմբերի 22–ին Երևանը դարձել էր ֆիջիթալ սպորտի առաջնության կենտրոն։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր»-ում տեղի ունեցավ ֆիջիթալ ֆուտբոլի և ֆիջիթալ պարերի ավարտական մրցաշարը։ Այս միջոցառումը հնարավորություն տվեց մարզիկներին և պարողներին ցուցադրել իրենց մարտավարական հմտությունները և ստեղծագործական կարողությունները՝ միաժամանակ օգտագործելով թվային հարթակները, ֆուտբոլի խաղադաշտն ու պարային հարթակը։

«21–րդ դարի պահանջներին համապատասխանող նոր սպորտային մոտեցում է ֆիջիթալ սպորտը, որը նպատակ ունի երիտասրադներին համակարգչային էկրանից նաև վերադարձնել իրական խաղադաշտ, քանի որ ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է։ Սակայն բավական արագ է զարգանում այս մարզաձևը։ Հանրության ու մարզիկների կողմից սիրվում է»,– NEWS.am-ի հետ զրույցում նշեց Sparsis միջազգային մաքեթինգային ընկերության փոխտնօրեն Արեգ Խաստուրեցին։

Պարերի մրցաշարում մասնակիցները համադրեցին թվային տեխնոլոգիաները և ֆիզիկական արվեստը: Նրանց գնահատում էին ոչ միայն իրական ժյուրին, այլև վիրտուալ տեխնոլոգիաները։ Շարժումները ֆիքսում էին մասնակիցների ձեռքում գտնվող հատուկ սարքերն ու պարզում դրանց ճշգրտությունը։ Հաղթող Մարգարիտա Բադոյանը ստացավ 200 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած Էլիզաբեթ Մինասյանը՝ 125 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը ստացավ 75 հազար դրամ:

Առավել ուշագրավ ու լարված էր ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշարը։ Պայքարում էին ութ թիմեր։ Նրանք նախ մրցեցին թվային հարթակում՝ ցուցադրելով իրենց տեխնիկական հմտությունները, իսկ հետո իրական խաղադաշտում՝ ներկայացնելով ֆիզիկական պատրաստավությունը։ Այս տարվա հունվարին առաջին անգամ Հայաստանում անցկացվեց ֆիջիթալ ֆուտբոլի մրցաշար, որը սիրողական բնույթի էր և փորձարարական նպատակ ուներ։ Սպորտային նոր ձևաչափը սիրվեց մարզիկների և հանդիսատեսների կողմից։ Հերթական մրցաշարն արդեն վարկանիշային է։
Մրցաշարի առանցքային պահերից էր ֆիջիթալ ֆուտբոլի եզրափակիչ փուլը: Հաղթող դարձավ «Սթրիթ բոլ» թիմը՝ պահապանելով չեմպիոնի կարգավիճակը և ստանալով 1 միլիոն դրամ մրցանակ: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Երևան Իգըլս»-ը ստացավ 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 400 հազար դրամ:
«Ապագայի խաղեր» նախագծի սպորտային տնօրեն Վլադիսլավ Եռաշովը նշեց, որ մրցաշարը շատ լավ է կազմակերպված և Հայաստանը ակտիվորեն զարգացնում է ֆիջիթալ սպորտը: «Տեսնում եք, որ տրիբունաները լի են, պայքարը շատ լարված է, իսկ մարզիկները ֆանտաստիկ մարզավիճակում են: Մասնակիցները իսկապես շատ լավ պատրաստված են և մոտիվացված: Ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով։ Սա մեծ քայլ է ֆիջիթալ սպորտի տարածման համար»,– հայտարարեց Վլադիսլավ Եռաշովը:

Միջոցառման կազմակերպչական ամբողջ աշխատանքն իրականացնում է Sparsis միջազգային մաքեթինգային ընկերությունը Ֆիջիթալ սպորտ Հայաստանի պատվերով։ Միջոցառման աջակիցներն են՝ Midea բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Celsius ընկերությունը, Sparsis միջազգային մարքեթինգային ընկերությունը, «Մոսկվա» կինոթատրոնը, Bridge Technical Solutions ընկերությունը և Coffee House սրճարանային ցանցը։ Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնացելու Ֆիջիթալ խաղերի համաշխարհային մրցաշարերին։
«Մենք նախատեսում ենք «Ապագայի խաղեր»-ն անցկացնել 2025 թվականին Արաբական Էմիրություններում, իսկ 2026-ին՝ Ղազախստանում։ Այս մրցաշարի հաղթողը մեկնելու է միջազգային որակավորման փուլ։ Հիմնական ուղերձը մոտիվացիան է, քանի որ մասնակիցները պայքարում են ոչ միայն հաղթանակի և հաջողության համար, այլև վառ պահերի, էմոցիաների, նաև միջազգային մրցաշարին մասնակցելու համար»,– նշեց Վլադիսլավ Եռաշովը։
Sparsis մարքեթինգային ընկերության փոխտնօրեն Արեգ Խաստուրեցին վստահ է, որ ֆիջիթալ սպրոտը Հայաստանում մեծ զարգացում է ապրելու և այստեղ դեռ շատ մրցաշարեր են անցկացվելու։











