Նոր Արեշի տներից մեկում տեղի ունեցած պայթյունից 10 ամիս է անցել. պայթյունից տուժած ընտանիքները դեռևս փոխհատուցում չեն ստացել։ Նաթելլա Ճաղարյանը, որի տունը պայթյունի հետևանով կիսով չափ փլուզվել էր, NEWS.am–ի հետ զրույցում ասում է. «Ո՛չ գիտենք տուն ունենք, ո՛չ գիտենք չունենք»։

Սանամյանների ընտանիքը 30 տարուց ավելի այդ տանն է ապրել, երեք երեխաներին այդտեղ են մեծացրել։ Այսօր ստիպված են վարձով ապրել ու ամեն ամիս մտածել՝ ինչպե՞ս են վճարելու գլխներին տանիք ունենալու համար։

«Ամուսիններով աշխատել ու ստեղծել ենք, վերանորոգել ենք տունը։ Այսօր ոչինչ չունենք, մեր տնից չորս աթոռ է միայն մնացել, մի պահարան ու մի կոտրված մահճակալ։ Անգամ շոր չունեինք, ինչ հագուստով պայթյունի օրը դուրս էինք եկել տնից, միայն դա էր մեզ մնացել»,–պատմում է Նաթելլա Ճաղարյանը։

Ոսկան Սարգսյանի տունն էլ պայթյունի հետևանքով ամբողջությամբ գետնին է հավասարվել, այսօր ընտանիքի չորս անդամներից յուրաքանչյուրը բարեկամներից մեկի տանն է ապրում. վարձով բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեն։

«Թաղապետարանից լվաքցի մեքենա տվեցին, որը վաճառել ենք մի քանի ամսվա վարձի փող տվել, հետո տղայիս վիրահատության համար նաև գումար տվեցին, դա է եղել ամբողջ աջակցությունը»,–ասում է նա։

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին ՝ վնասի փոխհատուցման հարցը կարող է լուծվել միայն վերջնական դատական ակտից հետո։ Քննչական կոմիտեից էլ հայտնեցին՝ համալիր փորձաքննություն է իրականացվում։

Պայթյունից տուժած ընտանիքներին սակայն, քաղաքապետարանից ստացված պատասխանները չեն բավարարում, պահանջում են իրենց համար նույն տեղում գոնե չորս պատ կառուցել ու աջակցել, որ կրկին ոտքի կանգնեն։ Հակառակ դեպքում, պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել։

Մանրամասները՝ տեսանյութում։