Այն, որ սպորտը ձախողել եք, ֆուտբոլը և բասկետբոլը, աշխարհի բացարձակ երկու առաջատար սպորտաձևերում աշխարհի հետամնացներից է Հայաստանը, դա լրիվ ձեր ուսերի վրա է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Մեկ տարի է ասում եմ՝ ձմեռը երեխաները չեն կարող դրսում խաղալ: Եթե երեխաները 5-6 տարեկանում սպորտով չզբաղվեն, չենք զարգանա։ Պարոն Ավինյանն ասում է՝ բակ ենք սարքում, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Բակերը լավ եք անում, որ սարքում եք, բայց մարզասրահնները այլ բան են: Այսօր պարզվեց, որ մարզասրահներով փող եք աշխատում, 30,000 դրամ 1,5 ժամի համար»,-ասաց նա:

Երբ տեղից ինչ-որ մեկը բղավեց՝ սուտ ես խոսում, նա արձագանքեց. «Սուտ չեմ խոսում, եկեք գնանք նայենք։  Քարտն էլ քեզ կտամ, թե ում են փոխանցում փողը, ես հետևողական եմ լինելու, պիտի կոպեկ առ կոպեկ ցույց տաք, թե փողն ում գրպանն է գնում:

Ցանկացած զարգացած երկիր գնանք, մարզասրահները ծառայում են երեխաներին, սպորտ են խթանում, դուք այդ 30 000 դրամը որտեղից եք հաշվել, 500-600 դրամ է ջեռուցում մի ժամվա համար, 500 դրամ ավելի չի, 30000 դրամ գերշահույթով փող եք աշխատում ձեր գրպաններն եք լցնում»,-ասաց Զարոկյանը՝ հավելելով, որ փաստերն ունի եւ կարող է տանել, ցույց տալ, որ երեխաները դրսում կանգնած են, իսկ մեծահասակները փողով ֆուտբոլ են խաղում:

Ավագանու ընդդիմադիր անդամը հայտարարեց, որ այստեղ նստած քպականներից ամեն մեկը մի կոռուպցիոն սկանդալի աստղ է.

«Պարոն Գալջյան, դու կյանքում աշխատանք չես ունեցել քո սաղ կյանքը մենակ ՔՊ-ի համար ես աշխատել դու տեղ չունես խոսելու: Դու նույնիսկ մեքենա լվանալու գործ չես ունեցել, մատուցող չես աշխատել, մենակ ՔՊ-ն ես աշխատել, դու ի՞նչ ես խոսում»,- ասաց նա: