Արմավիրի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, այցելել են Ակնալիճ գյուղի մի բնակչի տուն։ 68-ամյա տղամարդը բակում կայանած անսարք ավտոմեքենայի հետնամասից ներկայացրել է չորացրած կանեփանման զանգվածով ապակյա տարա։ Նա հայտնել է, որ կանեփն ինքն է մշակել և թմրանյութ պատրաստել` անձնական օգտագործման համար։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն նպատակով Արմավիրի համայնքային ոստիկաններն այցելել են Մրգաշատ գյուղի 35-ամյա մի բնակչի տուն։ Տղամարդը ներկայացրել է 78 գրամ կանեփանման զանգված՝ հայտնելով, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար։
Արմավիրի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Զարթոնք գյուղում էր։ Ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 41-ամյա տղամարդը պահում է թմրամիջոցներ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 1 կգ դեղնականաչավուն, կանեփանման զանգվածներ։
Ըստ նրա` հայտնաբերվածն անձնական օգտագործման համար է, կանեփն էլ ինքն է մշակել ու պատրաստել թմրանյութ։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են:











