Եվ նախկին նախագահների հայտարարությունները կարդալով, և բանակցային գործընթացին փոքր ինչ ծանոթանալով, նաև Մադրիդյան սկզբունքները կարդալով, հասկանում ես, որ այդ ամբողջ գործընթացը հենց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին է եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Անդրադառնալով նրան, որ նախկին նախագահները հրաժարվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, նա ասաց. «Նոր տերմին է հայտնվել երևի քաղաքական դաշտում, կոչվում է՝ քաղաքական փախստական: Մի պատճառ կարող է լինել բանավեճից խուսափելու, նամանավանդ, եթե դու երկրի ղեկավար ես եղել, բուն բանակցող ես եղել և քեզ հրավիրում է բանավեճի քո հավասարազոր պաշտոնյան։ Դա փաստարկներ չունենալն է։ Ես կարծում եմ, որ փաստարկների բացակայությունն է հիմնական պատճառը, կամ դրանց թույլ, հիմնավորված չլինելը, որ իրենք հրաժարվել են բանակցություններից»:

Հարցին՝ կարո՞ղ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մի խոսք, որտեղ ասվում է, որ իրենք ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, Ղահրամանյանը պատասխանեց. «Խնդիրն այն չէ, թե դու ինչ ես ընդունում կամ չես ընդունում, խնդիրն  այն է, թե դու ինչին ես տանում։ Եթե դու մադրիդյան սկզբունքներ ես ստորագրում, այնտեղ կա տարածքային ամբողջականության մասին հղում»:

Ինչ վերաբերում է նրան, որ մադրիդյան սկզբունքներում կա նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա հղում, նա ասց. «Եթե դուք ասում եք, որ Արցախն անկախ է, էլ ի՞նչ ինքնորոշում, որտե՞ղ են ինքնորոշվում, Ադրբեջանի կազմում, չէ՞: Անկախ լինելը ինքնորոշվել չի: Եթե դու ինքնորոշվում ես մի ինչ-որ միավորի մեջ ես ինքնորոշվում, դու չես կարող ուղղակի ասես՝ դե ես ինքնորոշվում եմ անկախության կարգավիճակում»: