Երբ մեր քննիչ հանձնաժողովում վարչապետը ելույթ ունեցավ, բոլոր նախկին նախագահները պետք է զանգեին քննիչ հանձնաժողով ու ասեին՝ կներեք, այս հարցում տենց չի, մենք գանք, ասենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել էր բանավեճի եւ մերժվել:
«Երբ ես Օսկանյանին հրավիրեցի, նա անհետացավ, իսկ վերջերս իշխան Համլետի հոր կերպարանքով հայտնվել է եւ ասում է՝ եկեք իմ հետ վիճեք: Չէ, ինչի՞ պետք է քո հետ վիճենք, բան ունեիր ասելու, գայիր, ասեիր, որ դնեինք վարչապետի ասածի կողքը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կորսվեց Արցախը եւ նա բանավեճի է կանչում նախագահների, որոնց օրոք Արցախը կար եւ Հայաստանի սահմաներն էլ անվտանգ էին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Բայց ինչի՞ շուրջ են բանակցել, ինչու երեք նախագահները չեն լուծել Արցախի հարցը: Սպասում էին, որ Փաշինյանը գար, որ լուծեի՞ն: Եկեք ազնիվ լինենք: Իրենք ասում են, որ 1996-ին Արցախի հարցը ամենաշահեկան ձեւով հնարավորություն կար լուծելու: Եթե կար լուծում, ինչո՞ւ չի լուծվել: Թող չգան բանավիճելու, թող առանձին ասեն, թե այսքան հրաշալի լուծումներ ունենալով ինչի էին ձգում: Խոսում էին փոխզիջումներից՝ մերժելով ընդհանրապես փոխզիջումները:
Այդ դեպքում ինչու առաջին նախագահը հրաժարական տվեց: Ասում են՝ հայտնի ուժերի պարտադրանքով դա եղավ: Հայտնի ուժերն էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Վազգեն Սարգսյանը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը միացավ Կարեն Դեմիրճյանին եւ վերականգնեց արդարությունը:
Վերջերս ես մի բացահայտում արեցի, ասելով, որ կար մի դեղին թուղթ, որտեղ Վազգեն Սարգսյանը անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելու դրական ու բացասական կողմերին: Բացասական կողմերն ավելի շատ էին, բայց որոշում կայացվեց եւ Վազգեն Սարգսյանին առաջարկեցին գնալ եւ Հայաստան բերել Ռոբերտ Քոչարյանին: Ստացվեց, որ նրան Հայաստան բերել է Վազգեն Սարգսյանը:
Ես ասել եմ՝ ինչու արվեց այդ քայլը: Նախագահ տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի տրամաբանությամբ ղարաբաղյան էլիտան հասկանա, որ մեր ռեսուրսները մինչեւ որտեղ են: Իրենք հասկացան, որ վարչապետի պաշտոնը հնարավորությունէ տալիս վերցնել ամբողջ իշխանությունը, եւ դա իրացրեցին իրենք»,- հայտարարեց Քոչարյանը:











