Մենք Բաքվում ապօրինի պահվող բոլոր ՀՀ քաղաքացիների, նաև ազգությամբ հայերի վերաբերյալ դատական պրոցեսներում ներկայացրել ենք պահանջներ, թե Եվրոպական դատարանում, և դրա մասին նաև խոսվել է արդարադատության միջազգային դատարանի ներկայացումների մեջ. այս փուլում Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված մինչև հունվարի ավարտը բոլոր պահվող անձանց մասին, մանրամասն տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Մենք ակնկալում ենք բոլորի մասով մանրամասն տեղեկատվություն՝ իրենց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլնի մասին։ Բնականաբար նաև այս տեղեկատվությունը, երբ մենք ստանում ենք, նաև փոխանցում ենք նրանց հարազատներին: Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը վերաբերվում է այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և ապօրինի ազատությունից զրկելու հարցին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե քաղաքական որոշում կայացվի՝ հետ կանչել բոլոր հայցերը, բոլոր այս պրոցեսները կմնան փաստորեն օդում կախված, նա արձագանքեց. «Չեմ կարող այդպիսի բան ասել, ամեն դեպքում այս պահին շարունակվում են բոլոր պրոցեսները, թե՛ արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում: Նաև ունենք երկու արբիտրաժային գործընթաց ընդդեմ Հայաստանի, Ադրբեջանի կողմից բերված:

Ես հիմա չեմ կարող խոսել հայցերը հետ կանչելու մասին, ես կարող եմ խոսել դատական պրոցեսների առկայության և շարունակականության, հետագա քայլերը ձեռնարկելու մասին»:

Նա համոզմունք հայտնեց, որ իր ընկալմամբ, դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելը արհեստական է. «Հետևաբար ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, դժվար կլինի պատկերացնել, որ չունենանք վեճ, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ»: