Ես իրականում չէի ուզենա պատասխանել Ռուսաստանի հնչող կոչերին, միայն Մեդվեդևի մասով կարող եմ ասել, որ երբ նա հիշեցնում է, որ մենք գուցե հիշենք, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, գուցե տարիներ շարունակ դուք հիշեիք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ ՌԴ-ից շատ կոշտ գնահատականներ են հնչել, երբ երեկ կառավարությունը որոշում կայացրեց, որ հավանություն է տալիս ԵՄ անդամությանն ուղղված գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծին:

«Հանկարծ հիմա՞ եք հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Կարծում եմ իրենց կողմից շատ անպատասխանատու է նման հայտարարություն անելը»,-ասաց նա:

Հարցին՝ հաշվարկվա՞ծ են մեր այդ քայլի հետեւանքները, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. ««Ամեն ինչն էլ շատ կարգին հաշվարկվում է հանգիստ եղեք այդ առումով։ Գնում ենք դեպի Եվրամիություն այսպես միանգամից ասել չի նշանակում, որ մենք ինչ-որ մի տեղից դուրս ենք գալիս ու ինչ-որ մի տեղ գնում ենք:

ԵՄ-ին անդամակցելու կամ դեպի Եվրամիություն քայլեր անելը բավականին երկար ժամանակ է, բավականին գործընթացներ են տեղի ունեցել: Վարչապետն էլ կառավարության նիստի ընթացքում նշեց վիզաների ազատականացումը և այլն: Այսինքն քայլեր են, որ մեր երկրին ավելի լավ վիճակի մեջ են բերելու: ԵՄ անդամակցությունը ոչ վաղն է լինելու, ոչ էլ մյուս օրը: Դա որոշակի գործընթացներ է նախատեսում»,-ասաց նա:

Հարցին՝ Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ-ում, պատգամավորն արձագանքեց. «Մենք չէ, որ պետք է այդ հարցին պատասխանենք, մենք մեր քայլերը կանենք, կտեսնենք ընթացքում ինչ կլինի:

Մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չենք փչացնում, բացարձակապես: Մենք նորմալ հարաբերություններ ենք ուզում կառուցել, չնայած տեսանք, թե ինչպիսի կոշտ հայտարարություններ են անում ՌԴ-ից: Ամեն դեպքում մենք հակված ենք ոչ թե հարաբերությունները փչացնելու, այլ պետք է նայենք մեր երկրի շահից ելնելով, թե մեր երկրի համար որն է ավելի բարենպաստ:

Մենք ուզում ենք բարիդրացիական կամ նորմալ հարաբերություն ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի»:

Նշենք, որ կառավարության երեկվա որոշումից հետո ՌԴ-ից ատ կոշտ արձագանքներ են հնչել, մասնավորապես, փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանը Տիտանիկի տոմս է գնում դրանով, իսկ Դիմիտրի Մեդվեդեւը ավելի կոշտ արձագանքեց՝ նշելով. «Ես չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կամ մեկ այլ տարբերակ Հայաստանի ղեկավարների Եվրոմիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո, կարելի է ուղղակիորեն դիմել Եվրոմիությանը, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին։ Եվրամիությունն իր հետևում ուկրաինական հիանալու փորձ ունի»: