Ելնելով տեղի ունեցողից՝ կարելի է ենթարդել, որ պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Բաքուն Հայաստանում քաոս են ստեղծում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
«Օդանավի կործանումից եւ Պուտինի ներողությունից հետո Ադրբեջանը շարունակել է արհեստականորեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հավանաբար ինչ-որ բան ստանալու ակնկալիքով։ Այս պայմաններում Հայաստանը Ալիեւի՝ իրեն ուղղված ագրեսիվ հայտարարությունների հաջորդ օրը խոսում է ԵՄ-ին առասպելական ինտեգրման մասին, որտեղ նրան ոչ ոք չի սպասում։
Եթե ԵՄ-ին անդամակցելը կարող է տեւել տասնամյակներ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը Հայաստանին կզրկի միության տարածքով ապրանքների եւ մարդկանց տեղաշարժի արտոնյալ պայմաններից։ Հնարավոր է պատժամիջոցներ մտցվեն տրանսֆերների վրա, հարված հասցվի հայկական արտահանմանը։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի տեսանկյունից Հայաստանը վտանգում է վերադառնալ 1990-ականներ»,- ավելացրել է փորձագետը։
Հովհաննիսյանը ենթադրել է, որ Հայաստանի իշխանությունների համար շահեկան է երկրում ստեղծված քաոսային իրավիճակը։
«2025-ը նախընտրական տարի է։ Միաժամանակ, իշխանությունները տարօրինակ կերպով բարձրացնում են հարկերը եւ դժվարացնում քաղաքացիների կյանքը, թեեւ տրամաբանորեն այսօր չպետք է նման քայլեր ձեռնարկեին, որպեսզի չվնասեին իրենց վարկանիշին»,- ընդգծել է նա։
Փորձագետի կարծիքով՝ իրականացվում է հայկական պետության լիակատար ոչնչացման ծրագիր՝ նշելով, որ երկու տարի շարունակ միասնական քայլեր են արվում. Ադրբեջանը գործողություններ է կատարում, ինչին հաջորդում է Հայաստանի ոչ համարժեք արձագանքը։
«Վերջին նման արձագանքը կապված է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու առասպելական մտադրությունների տեսքով տնտեսությունը ոչնչացնելու նախագծի մեկնարկի հետ։ Էսկալացիայի ֆոնին միայն անխոհեմ կառավարությունը կարող է սկսել տնտեսությունը քայքայելու նախագիծը եւ քայլեր ձեռնարկել ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խաթարելու համար։ Եվ այս ամենը պատահական չէ»,- ամփոփել է նա։











