Կուսակցությունը ես միայնակ չեմ ստեղծում, Հակոբ Ասլանյանի հետ միասին ենք նախաձեռնել և արդեն թիմ գոյություն ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցությունից հեռացած ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Կուսակցության ծրագրում տեղ են գտել դրույթներ, որոնք ժամանակին ես առաջարկել եմ ՔՊ-ի գործունեության շրջանակներում, մեկը մասնակի ընդունվել է, հետո հետ է կանչվել, մյուսը ընդհանրապես չի ընդունվել: Դա չի նշանակում, որ այդ ծրագրային դրույթների հակասության հիման վրա է առաջացել կուսակցություն հիմնադրելու անհրաժեշտությունը: Ոչ, անհրաժեշտություն առաջացել է այն պատճառով, որ պարոն Ասլանյանին և ինձ, մեր քաղաքական թիմը դուրս է դրել իր շարքերից և փաստորեն, մենք զրկված ենք քաղաքական խոսք ասելու հնարավորությունից: Մենք գտնում ենք, որ մենք փորձառություն ունենք  և կարող ենք օգտակար լինենք մեր պետությանը»,-ասաց նա՝ հվելելով, որ իրենց կուսակցության դրույթների մեջ կան էական տարբերություններ ՔՊ-ի ծրագրային դրույթներից։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթաց սկսելուն, որը նաեւ բուռն հակազդեցության է արժանացել Ռուսաստանի կողմից, Աղազարյանն ասաց. «Շատ դժվար հարց է այն իմաստով, որ երբ մենք հայտարարում ենք մեր եվրոպական դիրքորոշման մասին, ապա դուրս է գալիս, որ մենք գնում ենք Ռուսաստանին հակոտնյա, իսկ մենք ՌԴ-ի հետ գտնվում եք ռազմաքաղաքական դաշինքի մեջ։

Այսօր քո ռազմավարական դաշնակիցը գտնվում է շատ դժվար իրավիճակում և դու այդ դժվար իրավիճակում ոչ թե քո ռազմավարական դաշնակցին ասում ես՝ արի մենք խզենք մեր ռազմավարական պայմանավորվածությունները, արի քո զորքերը տար, այլ ասում ես՝ ես գնում եմ այս ճանապարհով։ Ես դա համարում եմ անընդունելի։

Այսինքն, նրանք, որոնք եվրոպական ինտեգրացիայի կողմնակից են, գոնե պետք է համբերեն, մինչև այդ կոնֆլիկտը ավարտվի, նոր այդ քայլին դիմեն։

Ես եվրոպական ինտեգրացիայի կողմնակից չեմ, չեմ էլ եղել։ Ես տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից եմ:

Եվրոպական ինտեգրացիան դա չի նշանակում փաստաթուղթ ստորագրել և դառնալ ԵՄ անդամ։ Դա իրենից լուրջ գործընթացներ է պահանջում, որը մենք այսօր ի վիճակի չենք անցնելու: Այդ շրջադարձը, որ մենք պետք է կատարենք, արդյոք մեր մեքենայի հնարավորությունները թույլ կտան այդ շրջադարձը մարսել: Կարող է պատահի նաև գործընթացներ լինեն, որ մենք չկարողանանք մարսել, ր մեքենան շուրջ գա: Նաև այս իմաստով շուտ է այդ քայլին գնալը: Սա շատ վտանգավոր ու արկածախնդիր իրավիճակ է»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը:

Նա պարզունակ ու մանիպուլյատիվ համարեց տեսակետը, որ Եվրոպական  ինտեգրացիայի նախաձեռնողները հավաքեցին 50,000 ստորագրություն և կառավարությանը դրեցին փաստի առաջ:

«Իհարկե, միգուցե հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը գան եզրահանգման, որ պիտի գնանք դեպի Եվրոպա, բայց ես գտնում եմ, որ մենք դրան պատրաստ չենք և դա ճիշտ էլ չի: Մենք պիտի փորձենք Եվրոպան բերել այստեղ: Մենք կարող ենք այդ ճանապարհով սկսել անցնել մի 15 տարի հետո, ոչ շուտ: Պատրաստ չենք դրան ոչ տնտեսապես, ոչ պաշտպանական իմաստով, ոչ հոգեբանությամբ: Մենք այսօր պատրաստ չենք, որ մեր փողոցներում համասեռամոլները գրկախառված ման գան: Եվրոպայում մի ժամանակ դրա համար գնդակահարում էին, մենք չենք գնդակահարում, փառք Աստծո, ասում ենք՝ թող ապրեն, իրենց գործն է»:

Աղազարյանի խոսքով, եթե հրաշքով Հայաստանը 5 տարի անց լինի Եմ անդամ, այդ դեպքում գազը կլինի Եվրամիության գնին: «Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ, որ մենք այդքան ինտեգրացված ենք տնտեսապես, ո՞նց կարող ենք այդպիսի արագ փոխենք ամեն ինչ: Եվրոպայի քաղաքացիները ըմբռնումով կմոտենան և կգնե՞ն իրենց ստանդարտներին ոչ համապատասխան մեր ապրանքները: Չեն գնի: Եվրամիությունը մեզ տարեկան երկու միլիարդ դոլար փող կտա՞ որպես օգնություն, որ մենք մեր տնտեսվարողներին ասենք՝ ախպեր ջան, եվրոպական ստանդարտի ապրանք արտադրի: Դա ժամանակ է պահանջում: Եթե այդ հնարավորությունը լինի, եթե լինի նաև անվտանգության երաշխիքները, թող այդ քայլը անեն, ես էլի դեմ եմ: Ես այդ դեպքում էլ եմ դեմ, որովհետև մենք մեր մենթալիտետով շատ հեռու ենք Եվրոպայից»,-ասաց  նա: