Ես նախևառաջ անձնական մեծ ցավ եմ ապրում, որովհետև Մհեր Սահակյանը իմ օգնականն է եղել և այդ ժամանակահատվածից սկսած ես տեսել եմ, որքան նա հետևողական պրպտումների մեջ է և ցանկությունների մեջ է սովորելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին:

«Ցավը մեծ է մեր հանրության համար, մեր պատգամավորական խմբակցության համար, մեր դաշինքի, ՀՅԴ նրա ընկերների համար, որովհետև մենք ֆիզիկապես կորցրեցինք մի մարդու, որ նախ որպես անձնավորություն վսեմ հատկանիշներ ուներ, սկզբունքային էր, մարտնչող էր: Իզուր չէ, որ նրա ծառայությունները նաև մեր կողմից գնահատվում է հայրենիքի պաշտպանության գործում, մասնակցելով տարբեր մարտական գործողությունների, լինելով տարբեր դրվագներում նա ցույց է տվել իր պատրաստակամությունը հայրենիքի պաշտպանությանը իր նվիրյալ լինելը, իր անվախ լինելը:

Բացի դրանից ինքը գաղափարական մարտիկ էր և կարծում եմ՝ դրանով ցույց է տվել, որ ինքը լինելով ՀՅԴ անդամ, կարողանում է աշխատել և ժողովրդի հետ: Իզուր չէ, որ ՀՅԴ-ն իրեն ընտրել էր որպես գերագույն մարմնի Երեւան քաղաքի ներկայացուցիչ:

Բացի դրանից, վերջին ժամանակահատվածում իր գործունեությունից երևում էր այն հետևողականությունը, որ ինքը փորձում էր օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը, թեկուզ կարճ ելույթների և մանավանդ հարցադրումների առումով և կառավարության հարց ու պատասխանների ժամանակ: Նրա տված հարցերն արտահայտում էին այն բոլոր խնդիրները, մարտահրավերները, որ ծառացած են և մեր պետության առջև, և հասարակության զարգացումն ապահովելու համար։

Սովորաբար ասում ենք՝ մենք կորցրեցինք, բայց իրականում մենք չենք կորցրել իրեն, որովհետև իր ոգին մեր հետ է, ինքը ամփոփվելու է մեր մայր հողում և իր մարմնով ջերմացնելու է մայր հողը: Իր հիշատակը մենք վառ պետք է պահենք, իսկ հիշատակի վառ պահելու միակ հանգամանքն այն է, որ իր կիսատ թողած գործը պետք է կարողանանք հասցնել վերջնակետին, և իհարկե սատարելով իր ընտանիքին, իր չորս զավակներին և նաև իր հարազատներին»,-ասաց Օհանյանը՝ հավելելով, որ Մհերի նման մարտնչող սկզբունքային մարդիկ մեր երկրին անհրաժեշտ են:

Նշենք, որ երկու օր առաջ ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15֊ին՝ ժամը 17։30֊ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ հունվարի 16֊ին` ժամը 13։00֊ին, նույն վայրից։

Ի հիշատակ Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց բացվել է սգո հուշամատյան: