«Դեմ ենք թանկացմանը, այդքան գումար չունենք, 40 հազար թոշակ եմ ստանում դրա ինչքա՞նը տամ ավտոբուսներին, ինչքա՞նը ուտելիքին, ինչքա՞նը դեղերիս»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեպ կազմակերպված բողոքի ակցիա ժամանակ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ցույցի մասնակից թոշակառու մի կին։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք չի օգտվում թոշակառուներին առաջարկվող զեղչերից, ակցիայի մասնակիցը պատասխանեց.
«Ինչքա՞ն պիտի զեղչեն, մեկ է՝ նույն գինն է կազմում, օրը 10 անգամ դուրս ենք գալիս, բժշկի ենք գնում, հո ամբողջ օրը տանը նստած չենք լինում»։
Ակցիայի մասնակիցը նաև նշեց, որ դժվարանում է էլեկտորնային եղանակով վճարում կատարել և ստիպված է ամեն անգամ այլ քաղաքացիների օգնությանը դիմել։
«Կա՛մ խնդրում եմ ինձ համար կտրոն առնեն տերմինալից, կա՛մ գալիս եմ մետրոյի դրամարկղից եմ առնում»–նշեց ակցիայի մասնակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում։











