ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ստորագրված՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ամենեւին էլ պատմական չէ, ինչպես այն որակում են իշխանության ներկայացուցիչները։
«Ես խիստ չափազանցված եմ համարում գնահատականները, թե սա պատմական, ռազմավարական փաստաթուղթ է: Ես մի քանի անգամ կարդացի այդ փաստաթուղթը, ես այնտեղ ոչինչ չեմ տեսնում, որը կարելի կլիներ որակել որպես պատմական փաստաթուղթ, որպես ստրատեգիական ինչ-որ նոր միջավայրի ստեղծում և այդ կարգի բաներ: Ես զարմացած եմ, որ մարդիկ նման գնահատականներ են տալիս: Այդ փաստաթղթում ընդամենը ընդհանրական ինչ-որ մտադրությունների արտահայտություններ էին: Այնտեղ ես չեմ տեսել որևէ բան, որը ենթադրում է Հայաստանին պաշտպանելու հանձնառություն, մտադրություն։ Դաշնակից նշանակում է պատասխանատվություն ստանձնել այդ երկրի պաշտպանության համար։ Սա նույնիսկ դաշինքի նախերգանք համարել չի կարելի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ փաստաթուղթը պետք է գնահատել ընդհանուր պատկերը դիտարկելով, հաշվի առնելով ինչպես Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող խորը կոնֆլիկտը, այնպես էլ այն, որ Հայաստանի իշխանություններն բացահայտ մտադրություն ունեն փոխելու քաղաքական վեկտորը։
«Այս կոնտեքստում Ռուսաստանի կողմից սա կարող է դիտարկվել որպես ինչ-որ վտանգ ներկայացնող ինչ-որ փաստաթուղթ։ Եթե ԱՄՆ-ն միաժամանակ ինչ-որ պատասխանատվություն ստանձներ Ռուսաստանի բացասական հակազդեցությունից մեզ պաշտպանելու համար, ես այդքան անհանգստացած չէի լինի։ Սակայն սա ինչ-որ սիգնալ է Ռուսաստանի ուղղությամբ, և միևնույն ժամանակ, ես Հայաստանին պաշտպանելու որեւէ լուրջ հանձնառություն այդտեղ չեմ տեսնում»,- նշեց պրոֆեսորը:
Համեմատելով Հայաստանի եւ Վրաստանի հետ ԱՄՆ-ի կնքած համաձայնագրերը, Արման Գրիգորյանը նկատեց, որ դրանք նույնանման փաստաթղթեր են, սակայն մեր դեպքում այն ավելի թույլ է. «Հստակ մտադրություն էր արտահայտվել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից, որ Վրաստանը և Ուկրաինան դրվում են ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու երկրների շարքը։ Մեր պարագայում նման բան չկա։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանի ու Ուկրաինայի հետ, հենց այդ գործընթացի պատճառով: Մի կողմից լավ է, որ նման կոնտեքստ Հայաստանի պարագայում առայժմ չկա, բայց եթե նման գործընթաց սկսվի, եթե ավելի լրջանա պրոցեսը, եթե իսկապես խնդիր ծագի ստրատեգիական կոշտ ընտրություն կատարելու, մեր եղած անվտանգության համակարգից դուրս գալու և դրան ալտերնատիվ ուրիշ անվտանգության համակարգ փնտրելու, ես կարծում՝ արդյունքները շատ տարբեր չեն լինելու Վրաստանի ու Ուկրաինայի ունեցած արդյունքներից»:
Անդրադառնալով տեսակետին, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրվել է հեռացող վարչակազմի հետ և Թրամփի վարչակազմը կարող է չեղարկել այն, քաղաքագետը նշեց, որ չի կարծում՝ փաստաթուղթն այնքան կարեւոր է, որ Թրամփն արմատական քայլի գնա և չեղարկի այն։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։











