Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա` փորձելով կանխել այդ հերթական հանցագործությունը:

Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը:

«Ռուբեն Վարդանյանի երեկ տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է վիճակը և ինչպիսի խայտառակ դրություն է տիրում արդարադատության առումով Բաքվում: Դա կոչ էր բոլորիս՝ թե հայ հանրությանը սթափության և համարժեք քայլեր ձեռնարկելու, թե միջազգային հանրությանը  արդարադատությունը պաշտպանելու առումով:

Այն, ինչ որ երեկ տարածվեց լրատվամիջոցներով Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ, վկայում է, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին Ադրբեջանում: Դա կոչ էր մեզ բոլորիս,  որպեսզի գուլ չտանք Ադրբեջանի կողմից հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, էլ ավելի թուլանալու և խոցելի դառնալու»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞րն է այս պարագայում ՀՀ իշխանությունների անելիքը, Աղբալյանը պատասխանեց. «Իշխանությունը առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության, ինչը ցավոք սրտի մենք չենք տեսնում: Ամբողջ աշխարհի փաստարկումն է, որ եթե Հայաստանի իշխանությունները ոչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատություն ու պաշտպանություն ակնկալել որևէ մեկից։ Այսինքն առաջին պահանջատերը արդարադատության պիտի լինի Հայաստանի իշխանությունը և համարժեք քայլեր պիտի ձեռնարկի»:

Նա հիշեցրեց, որ Արցախի Ազգային ժողովը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Ցավոք այլ լծակներ այսօր ճնշում գործադրելու կամ ազդեցություն ունենալու Արցախի  իշխանությունները չունեն, բայց իրենց դիրքորոշումը հայտնել են այդ հայտարարության միջոցով»:

Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։

Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։