«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ:
Նախօրեին շարժումը պահանջահիր էր հրապարակել, որտեղ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը՝ հրաժարվելով միջազգային ատյաններում ՀՀ իրավական հայցերից, իր քաղաքացիներին դարձնում է Ադրբեջանի հաշվեհարդարի թիրախ, որը հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ: Նրանք նաեւ անընդունելի են համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը վերաբերող որևէ հայտարարություն կատարելը:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։
Ադրբեջանի ապօրինի դատին հանձնելով ՀՀ քաղաքացիներին՝ դառնում եք հանցագործ. «Միասին» շարժում











