Դուք գիտեք, որ ես խոսքի արտահայտման ազատության կողմնակից եմ, և եթե որևիցե մեկի մոտ հարցեր էր առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում կամ զրպարտում են այս կամ այն անձին, վերջինս կարող է օրենքով սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պեռաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ն ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, որը ֆեյսբուքում պարբերաբար հայհոյախառն գրառումներ է արել եւ դա համատեղելի չէ ԲԴԽ անդամի պաշտոնին:
«Ինչ վերաբերում է թեկնածուին, իմ պատասխանը շատ հստակ է, որ դիրքորոշում խմբակցության մոտ ձևավորվում է բացառապես լիագումար նիստերի դահլիճում, վերջինս ելույթը և քննարկումը լսելուց հետո:
Երրորդ, ինչ վերաբերում է ծանոթ եմ, թե ծանոթ չեմ, ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում և պարզապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում մի պաշտոն, որը պահանջում է, որպեսզի վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, վերջինս կարող է օրենքով և միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաև հաճելի չլինեն այս կամ այն խմբի համար»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք հայհոյանքը մտնում է դրա մեջ, նա արձագանքեց. «Խոսքը վերաբերում է այն լեգիտիմ շեմի մասին, որը Եվրոպական դատարանը դիտարկում է որպես ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»:
Այլ հարցերի Վլադիմիր Վարդանյանը չպատասխանեց՝ հայտարարելով, որ լրագրողցները չեն հարգում միմյանց եւ ընդհատում են դիմացինի խոսքը:











