Հնարավոր է՝ խոսակցության ժամանակ իրար չհասկանան: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-կան պատգմավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկությանը, որ իր եղբայր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ ՔՊ նիստի ժամանակ միջադեպ է եղել, բանը հասել է քաշքշոցի:

«Ես այնտեղ չեմ եղել, զբաղվածությունն այնպիսին է, որ մենք այդպես ինտենսիվ չենք շփվում: Դա նիստից հետո է եղել, իրար հետ խոսելիս մարդիկ որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիք են ունեցել: Փաշինյան այդտեղ չի եղել: Բանը չի հասել քաշքշոցի ու ծեծկռտուքի, չէր էլ կարող հասնել»,-ասաց նա:

Պատգամավորը հերքեց լուը, թե միջադեպը կապված է անտառահատումների հետ եւ որ այդտեղ շահերի բախում կա. «Իմ եղբայրը չի կարող կապ ունենալ նման գործընթացի հետ: Ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Հայանտառի» ստուգումներում ամեն տարի կան հաշվետվությունները: Ապօրինի ծառահատումները 80-90 տոկոսով պակասել են»: