Նարեկ Զեյնալյանը ՔՊ խմբակցության այն քիչ պատգամավորներից էր, ով տիրապետում էր իր ոլորտի խնդիրներին, ղեկավարում էր իրեն վստահված հանձնաժողովը, ԱԺ-ում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում դիմելով Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նա Թորոսյանից հետաքրքրվեց. «Ճշտե՞լ եք արդյոք՝ ո՞ր մեղքի համար նա արժանացավ այդ գիշերային SMS-ին և վայր դրեց մանդատը։ Որպես գործընկեր փորձեցի՞ք պաշտպանել նրա իրավունքները, չէ՞ որ ոչ ոք, առավել ևս վարչապետը, իրավունք չունեն պատգամավորից պահանջել, որպեսզի մանդատը վայր դնի, առավել ևս ժողովրդավարական բաստիոն համարվող երկրում։
Արդյո՞ք ձեզ մտահոգել են ժողովրդավարության բաստիոնում, ձեր խմբակցությունում, ձեր կուսակցությունում, ներկուսակցական ժողովրդավարության նման կոպիտ խախտումները: Ինչպե՞ս եք բարձրաձայնել այդ մտահոգությունը, եթե իհարկե բարձրաձայնել եք:
Եվ հաջորդ հարցս, դուք ինքներդ պատրա՞ստ եք վայր դնելու ձեր մանդատը, եթե հանկարծ ինչ-որ վատ երազի արդյունքում, վաղը դուք էլ SMS ստանաք մանդատը վայր դնելու պահանջով»:
Ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց. «Եկեք առնվազն որակումներ չտանք, վատ երազ և այլն: Ես նաև ՔՊ կուսակցության վարչության անդամ եմ, որտեղ հաճախ քննարկվում են ներկուսակցական հարցեր և որոշումներ են կայացվում կամ այդ որոշումների վերաբերյալ կարծիքներ են հայտնվում։ Ես կարծում եմ, որ մեր վարչության նախագահը, ով Նիկոլ Փաշինյանն է և նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը, լինելով մեր բոլորի առաջնորդը, իրավունք ունի և միգուցե նաև պարտավոր է նաև կուսակցական հարցերով զբաղվելու, և որոշումներ կայացնելու կամ այդ որոշումների վերաբերյալ խնդրանքներ հղելու մեզ բոլորիս:
Եթե նման իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելը անհրաժեշտ լինի մեր թիմին, ես մի վայրկյան չեմ մտածի դա անելու վերաբերյալ: Ես կարծում եմ, որ այս թեման արդեն փակված է»:
ԱԽ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց. «Մեկ էլ ասեք՝ Աղվան Վարդանյանին ինչու ստիպեցիք մանդատից հրաժարվի, հեռացրեցիք կուսակցությունից 2018 թվականին»:
Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Պարոն Ռուբինյան, եթե լավ չեք հիշում, ձեր հիշողությունը թարմացնեմ. Աղվան Վարդանյանը ինքը իր ելույթով միանգամից ասաց՝ ինքը չի կարող ընտրել կամ Նիկոլին կամ Փաշինյանին և ինքը վայր է դնում մանդատը:
Պարոն Թորոսյան, այսինքն դուք որպես վարչության անդամ, գտնում եք, որ պարոն Զեյնալյանը այնպիսի մի կուսակցական գործունեության ոչ թույլատրելի վարքագիծ էր դրսևորել, որ միմիայն մանդատը վայր դնելն էր այդ հարցի լուծումը: Եթե դա խիստ գաղտնիչ է, այդ ի՞նչ վարքագիծ էր, որի դրսևորման արդյունքում նա պետք է պարտադիր վայր դներ մանդատը»:
Արսեն Թորոսյանն ասաց, որ եղել է անհրաժեշտություն մանդատը վայր դնելու եւ Նարեկ Զեյնալյանի քայլը շատ ողջունելի է, այդ թվում, ժողովրդավարական երկրներում: «Դա այդպես մի ունիկալ բան էլ չէ, եթե նայենք նաև այլ երկրների խորհրդարանական երկրների փորձը, նման քայլեր կարող են լինել: Այս հարցը իրականում սպառված է»:
Ռուբեն Ռուբինյանը կրկին հիշեվ Աղվան Վարդանյանի թեմային. «Բայց Աղվան Վարդարյանի հարցը սպառված չի, ես հորդորում եմ ձեզ վերականգնել Աղվան Վարդարյանի անդամակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Կարո՞ղ եք նույնիսկ պարոն Աղազարյանին էլ վերականգնել»:











