Արդարադատության հետ կապված իշխող խմբակցության, Նիկոլ Փաշինյանի և մնացածի վերաբերմունքը, ինձ թվում է լավագույնս երևում է իրենց ԲԴԽ անդամի թեկնածուի հետ կապված, այսինքն մի մարդու են բերել թեկնածու՝ Սիրունյան Ալեքսանդր, որ պարզապես ես կարծեմ իրավունք չունեմ դրանից խոսելու, բայց կոռուպցիայի հանձնաժողովի տված բարեվարկության մասով այդ եզրակացությունը ուղղակի ապշեցուցիչ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝

«Խայտառակություն է, իրականում վատ եզրակացություն չէ, գրված է ամեն ինչ, ինչ-որ բաներ էլ պակաս: Որ տեսնում եք այդ մարդու ֆեյսբուքյան գրառումները, իր խոսալու ձևը, ոճը, լեզուն ու նման մարդուն խմբակցությունը բերում, թեկնածու է դարձնում, դա լավագույնս ցույց է տալիս իրենց մոտեցումը, իրենց պատկերացումը արդարադատության հետ կապված»,-ասաց նա:

Քոչարյանը նկատեց, որ Սիրունյանի՝ նախկինում ՔՊ անդամ լինելը խնդիր չի առաջացնում օրենքի տեսանկյունից, բայց հարցեր է առաջացնում. «Գիտեք նաև, որ հորս հետ կապված դատական գործով ինքը դատավոր է, ով եղել է ՔՊ-ի անդամ, ով թեկնածու է եղել ՔՊ-ով 2018 թվին, բայց գալիս դատավոր են դառնում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե նախկին իշխանությունների օրոք համապատասխան բարեփոխումներ արվեին, գուցե այսօր այս վիճակը չլիներ, Լեւոն Քոչարյանն ասաց. «Այստեղ կարող եք հետ գնալ 30 տարի, 90-ականներին ինչ-որ երևույթներ հիշատակել, բայց եթե 15 տարի առաջ լավ չի եղել, դա չի նշանակում մենք պիտի հիմա ասենք՝ դե 15 տարի առաջ լավ չէր, թող հիմա էլ լավ չլինի: Ինչքանով որ արվել է, իհարկե բավարար չէր։ Բայց հիմա արդյո՞ք չպիտի այս հարցերը բարձրաձայնենք: Կարծում եմ՝ պետք է»,-ասաց նա: