Քաղաքական ուժերին զգուշացնում եմ՝ խուսափեք հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ մեր գործողությունները քաղաքականացնելու հնարավոր փորձերից, սա պայքար է սոցիալական արդարության համար։ Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Նա հավաստիացրել է, որ պայքարը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ է եւ կապ չունի քաղաքական գործընթացների հետ։ «Շուրջ երկու ամիս մենք ակցիաներ ենք անում փողոցում, հանդիպել ենք տասնյակ հազարավոր մարդկանց հետ, եւ իմ անձի նկատմամբ անվստահություն չեմ զգացել»,- ավելացրել է Մարությանը։

Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ, որը նույնպես մասնակցում էր ցույցերին, կոալիցիա կազմելու եւ ընտրություններին մասնակցելու մասին խոսակցություններ չեն եղել։ «Մինչեւ 2026թ. դեռ շատ ժամանակ կա, դեռ վաղ է այդ մասին խոսելը (խորհրդարանական ընտրությունների մասին- խմբ.): Ընդ որում՝ իշխանություններն արդեն սկսել են քարոզարշավը»,- նշել է Երեւանի նախկին քաղաքապետը։

Նա հիշեցրել է, որ դատի է տվել քաղաքային իշխանություններին, որոնք 2024թ. փետրվարին իրեն զրկել են Երեւանի ավագանու մանդատից՝ նիստերից բացակայելու համար։ Հայկ Մարությանը բացատրել է, որ իր բացակայությունները Տիգրան Ավինյանի քաղաքապետ ընտրվելու դեմ բոյկոտի բնույթ են կրել։ Նա ավելացրել է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը, որը նախկինում ընդդիմանում էր իշխանություններին, պայմաններ է ստեղծել այս նույն իշխանությունների վերարտադրման համար։

Ընդդիմադիրը մանդատից զրկելը որակել է քաղաքական վենդետա՝ մատնանշելով օրենսդրական այս դրույթը Սահմանադրական դատարանում բողոքարկելու անհրաժեշտությունը։ «Անհեթեթ է, երբ ինչ-որ խումբ զրկում է ժողովրդի տված մանդատից։ Երբ ես քաղաքապետ էի, ավագանու անդամներ կային «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունից, որոնք այդպես էլ չմասնակցեցին նիստերին, բայց մանդատներից չզրկվեցին, քանի որ այդ մանդատները ստացել էին ժողովրդից»,- եզրափակել է Երեւանի նախկին քաղաքապետը։