Ինձ թույլ չեն տվել մի հատ սփռոց բերել, ինձ ասել են՝ միայն օգտագործածը կարող ես բերել. բա 23 կիլոգրամ բերելու իրավունքը ինչի՞ են տվել, որ ուրիշի հագած, օգտագործածը բերեմ, դնե՞մ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:

Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Իրենք այնպիսի օրենքներ են դնում, որ հնարավոր չէ այստեղ ապրել, մի հատ նվեր չես կարող բերել քո հարազատի համար: Ասում են՝ Եվրոպայում այս գներն է, դու Եվրոպայի նման թոշակառո՞ւ ես պահում: Ես 20% էլ կմուծեմ այն դեպքում, երբ մեր թոշակառուների բոլոր դեղերը լինի ձրի, երբ բուժումը դառնա ձրի:

Մենք մենակ տուգանքի գործիք ենք, ոնց որ իրենք են ասում: Մենք պետք է վճարենք, իրենք տանը քնեն, մենք սառենք, ոչ մեկ չիջնի, չմոտենա մեզ»,-ասաց ակցիայի մասնակից կինը:

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կառավարության դուռը քաղաքացու դուռն է, ոնց ուզի՝ կբացի, կինն ասաց. «Ուզո՞ւմ եք, մոտենամ, կտեսնեք, թե ոնց ինձ դուբինկեքով կծեծեն, հետ կուղարկեն»;

Այդ ասելուց հետո կինը իսկապես մոտեցավ կառավարության դռանը: Ոստիկանները թույլ չտվեցին ներս մտնել՝ ասելով, որ եթե լինի թույլտվություն, այդ ժամանակ թույլ կտան:

«Լավագույն դեպքում պետք է ասեն՝ մի քանի հոգով եկեք ներս, ձեր պահանջները գրեք, բայց այստեղ բոլորն եկել են իրենց պահանջների համար: Մեր հայ ժողովրդին լսող չկա, իջնող չկա, բացատրող չկա, երկու ժամ էլ կանգնենք, միևնույն է ոչ մեկը չի իջնելու։

Հարկատուն ոչ թե հերոս է, այլ գործիք է, գումարները վճարելու, իրենց աշխատավարձները ապահովելու գործիք է: Մեր ժողովրդին ոչ մեկ էլ չի լսում, չի իջնում, ոչ մեկի ցավը ոչ մեկին հետաքրքիր չի: Իրենց համար լավ լինի, այդքան բան»,-ասաց ակցիայի մասնակիցը: