Առեւտրի օնլայն հարթակների տանիքը դուք եք, որ նրանց բեռներն ավելանում են, մեր բեռները՝ պակասում: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գնունու շուկայի առեւտրականներից մեկը:

Նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Այսօր շատ մարդ կուզեր այս առևտրից դուրս գար, բայց խճճված փոսի մեջ են: Վարկը չփակած վերավարկավորվում են: Օնլայն հարթակներով ապրանքը բերում են առանց մաքսազերծման: Ես էլ եմ քաղաքացու համար բերում, եկեք ես էլ մաքսազերծում չանեմ, միայն շրջհարկ վճարեմ, այդ ժամանակ համաձայն եմ 10%-ին:

Մեզ մինչեւ վերջին կետը թալանել են, ուղղակի մենք փոսում ենք հայտնվել: Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, շատ հնարավորություններ է եղել դուրս գալու, ես ասել եմ՝ ինչի ես դուրս գամ,  թող իրենք դուրս գան, որովհետև իրենք գնալու են 50 հոգի, մենք գնալու ենք 3 միլիոն: Անհայրենիք մարդը բանի պետք չի, միլիոնների մեջ էլ ապրես, դու պիտի հայրենիք ունենաս»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Նա նաեւ նկատեց, որ իրենց ստիպում են հաշվապահ պահել, ինչը իրենք չեն կարող անել. «Ես պարոն Փաշինյանին կասեի՝ վերանայեք ձեր օրենքները, մտածեք քաղաքացու մասին, հավերժական չեք: Ոնց որ քաղաքացին միավորվեց, ձեզ ընտրեց, ազգը նորից ոտքի կկանգնի ուդա շուտով է լինելու: Ինքը իրավունք չունի այս աղքատ երկրում 10 տոկոս շրջհարկ սահմանի»:

Տնտեսվարողն անդրադարձավ նրան, որ Փաշինյանը մետրոյով երթեւեկել է. «Սաղ մետրոն փակել է, երթևեկում է: Երթևեկում ես, առաջվա նման պայուսակը ուսիդ արի, մտիր մեր մեջ, հարցրու՝  մենք ի՞նչ խնդիր ունենք:

Առևտրականները մի օր մինուսով աշխատում են, բայց տոկոս են տալիս։ Եթե ես կարողանամ անհատական հաշվապահ ունենամ, այդքան ամեն ինչը հաշվեմ, ես 20% չվաճառված ապրանքի համար ԱԱՀ չեմ մուծի։ Բայց չեմ կարող, ի վիճակի չեմ»,- ասաց նա: