Սարերը դրեք մի կողմ, այսօր կխոսենք բանակի օրվա կապացությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս առաջ քաշած Արարատ-Արագած դիսկուրսին ու դրանով պայմանավորված, ՀՀ-ին զենք մատակարարելուն, ասաց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե խորությամբ ընկալեք Փաշինյանի ասածները, այդ հարցերը չեք տա: Հիմա դուք խոսում եք հարցազրույցից վերցրած հատվածային կտորների մասին, բայց մենք եկել ենք այսօր նշենք բանակի 33 ամյակը»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը՝ արդյո՞ք չի հակասում Փաշինյանի այն հայտարարությունը, որ չպետք է սրբադասել բանակը և Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետք է սրբության սրբոց համարել բանակը, Քոչարյանն ասաց. «Այո, պետք է հենց այդպես էլ վերաբերվել, եթե այդպես չվերաբերվենք, բանակը չի լինի այնպիսին, որ պաշտպանի մեզ յուրաքանչյուրից»:
Հարցին, այդ դեպքում ինչու չընդդիմացավ, երբ Փաշինյանն ԱԺ-ում անում էր այդ հայտարարությունը, պատգամավորը նշեց. «Ես որտեղ որ պետք է, գտնում եմ տարբերակներ՝ իմ կարծիքը հնչեցնելու»:
Քոչարյանի կարծիքով, փոխվել են բանակի առջև դրված խնդիրները. «Բանակը 1994-ից հետո լրիվ այլ վիճակի էր բերված, իսկ վաղվա բանակը պետք է լինի այնպիսին, որ նման խնդիրներ չառաջանան, որ նման խնդիրներ չլինեն, որոնք եղան 44-օրյայի ժամանակ: Մենք պետք է այսօր մտածենք այն խորհրդի մասին, որն այսօր մեզ բոլորիս բերել է այստեղ։ Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխանցում են, մենք պետք է կառուցենք այն բանակը, որ մեզ կպահի ամուր դիրքերում»,- ասաց նա:
Հարցին՝ իշխանությունը ի՞նչ է անում մարտունակ բանակ կառուցելու համար, Քոչարյանը պատասխանեց. «Դուք բյուջեի քննարկումների ժամանակ լուսաբանե՞լ եք: Դուք չեք տեսե՞լ թվերի փոփոխությունը: Այդպիսի թվեր երբեք չենք ունեցել, և ամեն տարի թվերը մեծանում են: Այսօր պետք է մտածենք այդ միջոցները էֆեկտիվ ծախսելու և ավելի մեր կարողությունները ավելացնելու մասին»:











