Ոչ ոք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ամոթանք է տվել լրագրողին, որը հարցրել է, թե արդյոք եղել է Հայոց ցեղասպանություն։ «Չե՞ք ամաչում նման հարց տալուց»,- նշել է նախարարը։
Ավանեսյանը հավաստիացրել է, որ Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչած հայտարարությունների հետ կապված որոշակի մանիպուլյացիաներ ու խեղաթյուրումներ են եղել։ «Վերջին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է լեգիտիմ հարցեր, որոնք մեզանից յուրաքանչյուրը պետք է տա ինքն իրեն»,- նշել է նախարարը։
Նրա գնահատմամբ՝ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները բերում են նաեւ լրացուցիչ պարտավորություններ, բայց կարեւոր նպատակն այն է, որ դա կապված է սոցիալական արդարության վերականգնման, քաղաքացիների կյանքի որակի բարձրացման եւ երկրի զարգացման հետ։ «Այն բարեփոխումները, որոնք այսօր իրականացվում են, տեղ են գտել կառավարության ծրագրում։ Մեր ընտրողները մեզ իրենց ձայները տվել են, որպեսզի մենք իրականացնենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են»,- եզրափակել է Ավանեսյանը։











