Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիներն այս անգամ թոփլես-ակցիա են կազմակերպել Բելառուսի ԿԳԲ-ի դիմաց, բողոքելով այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ: Ակտիվիստուհիներից մեկը մարմնավորել է «պատրիարխատն ու բռնապետությունը»:

«Մենք բոլորին կոչ ենք անում չվախենալ, չդադարեցնել պայքարը, այլ դուրս գալ բողոքի: Մենք կանանց կոչ ենք անում գալ, հանվել եւ հաղթել Լուկաշենկոյի ռեժիմին»,- հայտարարել են կանայք «ԲելաՊԱՆ» գործակալությանը:

«FEMEN-ի ակտիվիստուհիները Մինսկում բաց կրծքով կանգնել են ԿԳԲ-ի գլխավոր շտաբի շենքի դիմաց: Երեք FEMEN-ուհիներ, որոնցից մեկն ակնհայտորեն մարմնավորել է Լուկաշենկոյին, փակել են Բելառուսի ԿԳԲ-ի գլխավոր օֆիսի մուտքը: Թոփլես-աղջիկները ձեռքներին պահել են պաստառներ. «Ապրիր, Բելառուս» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով:

Իրենց բողոքի ակցիան FEMEN-ուհիները նվիրել են Մինսկի հրապարակում բախումների տարելիցին: Իրենց օրինակով ակտիվիստուհիները կոչ են արել բելառուսներին չվախենալ Լուկաշենկոյից եւ վճռական մարտի ելնել ԿԳԲատկայի ռեժիմի դեմ,- հայտարարել են աղջիկներն իրենց բլոգում:

Ակցիայի ժամանակ, Մինսկի ոստիկանությունը սխալմամբ, ձերբակալել է մի քանի լրագրողների, այդ թվում օտարերկյա: Նրանք եկել էին լուսաբանելու բողոքի ակցիան: