Քաղաքացիների հոսքը չի դադարում դեպի Աջափնյակի առաջին ատյանի դատարան, որտեղ քննվում է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի հարցի քննությունը:
 Այս պահին դատարանի բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր կան, նաեւ ոստիկանության զորքեր են բերվել: Ոստիկանները փակել են դեպի դատարան տանող ճանապարհը:

Քաղաքացիները փակել «Հյուսիս- Հարավ» մայրուղին: Քաղաքացիները հայրենասիրական երգեր են միացրել՝ ի աջակցություն Բաբայանի:

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր: